Տարակուսելի առաջարկություն Տեր-Պետրոսյանից. Արցախում ուզում են՝ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովն օբյեկտիվ քննություն անցկացնի

Տարակուսելի առաջարկություն Տեր-Պետրոսյանից. Արցախում ուզում են՝ ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովն օբյեկտիվ քննություն անցկացնի

Համավարակի պատճառով Հայաստանն այսօր հայտնվել է պատերազմական իրավիճակում, ընդ որում՝ շատ ավելի ծանր ու վտանգավոր, քան ավանդական պատերազմների ժամանակ։ Ilur.am կայքում հրապարակված հոդվածում նշել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ի թիվս այլ հարցերի՝ առաջին նախագահն առաջարկում է սառեցնել Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որը, ըստ նրա, ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի՝ առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։ Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց՝ երբ հանձնաժողովը ստեղծվել է, իրենք կողմնակից են եղել օբյեկտիվ քննությանը. «Եթե դա նպաստի ավելի ճիշտ հասկանալու գործընթացները՝ վատ չէր լինի։ Պետք է այդ տրամաբանությունը շարունակել, այսինքն՝ հանձնաժողովը պետք է լինի մի հարթակ, որը թույլ կտա ավելի խորը հասկանալ այդ գործընթացները։ Եթե դա պետք է լինի քաղաքական տարբեր հարցեր լուծելու հարթակ՝ արդյունավետ չի լինի, թույլ չի տալու հասկանալ իրավիճակն այնպես, ինչպես կա։ Չի բացառվում, որ հետագայում ևս կարող են նման զարգացումներ լինել, ու մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի օբյեկտիվորեն հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Մենք այս մոտեցման կողմնակից ենք։ Եթե քննարկվում է՝ խորությամբ ու օբյեկտիվորեն թող քննարկվի։ Պետք է տարբեր հանգամանքներ քննարկենք, նայենք, հասկանանք։ Եթե եղել են ինչ-որ հարցեր, դրանց պատասխանը պետք է ստանալ՝ հիմնավոր կերպով։ Ես հանձնաժողովն այս տեսակետից եմ դիտարկում, ոչ թե ինչ-որ քաղաքական հարցեր լուծելու տեսակետից։ Եթե քաղաքական խնդիրներ լուծելու հարց դրվի՝ սուբյեկտիվորեն ու կարճաժամկետ կլինի։ Ո՞վ է իմանում՝ հետագայում ինչ զարգացումներ կլինեն, օբյեկտիվությունը պետք է պահպանել»։ Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու հորդորին, Դավիթ Բաբայանն ասաց. «Ես կողմնակից եմ, որպեսզի նման որոշումներն ընդունվեն զուտ առողջապահական հիմքերի վրա և ոչ քաղաքական։ Եթե ՀՀ առողջապահության նախարարությունը, համապատասխան կառույցները գան այդ եզրակացության, պետք է անհապաղ հետևել առողջապահական այդ նորմին։ Սա ամենաճիշտ ձևն է»։ Մեկնաբանելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը՝ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ որոշ ձևակերպումներ այնտեղ իրար հակասում էին. «Ընդհանուր առմամբ հոդվածը դրական եմ գնահատում, բայց կան կետեր, որոնք տարակուսանք են առաջացնում։ Առաջին նախագահը նշում է, որ պետք է իշխանության շուրջը համախմբվել, որպեսզի այս իրավիճակում հնարավոր լինի դիմակայել մարտահրավերներին։ Նույն տիպի համախմբման կոչ, չգիտես ինչու, չարվեց 2013 թվականին, երբ Հայաստանին խցկեցին ԵԱՏՄ։ Ընդհակառակը՝ առաջին նախագահը ասում էր, որ դա արդեն անշրջելի փաստ է, ու ամեն կերպ աջակցում էին երրորդ նախագահի քաղաքականությանն այդ առումով։ Այստեղ ևս կա աջակցություն երրորդ նախագահին և նրա մերձավոր շրջանակներին՝ սառեցնել ապրիլյան հանձնաժողովը և այլն։ Ավելի ճիշտ կլիներ, որ նրա կոչը վերաբերեր ընդհանուր համախմբմանը, ոչ թե դետալացված այնպիսի կետերին, որոնք կարող են տարակուսանք առաջացնել»։ Մեր այն դիտարկմանը, ստացվում է՝ հանձնաժողովի աշխատանքները սառեցնելու առաջարկը որոշակի աջակցություն է Սերժ Սարգսյանին ու իր թիմին, քանի որ նրանք են հիմնական «մեղադրյալները», Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց. «Ապրիլյան հանձնաժողովի գոյությունը, համենայնդեպս այս փուլում, չի ենթադրում մեղադրյալներ։ Ընդամենը հանգամանքները քննող հանձնաժողով է, որի արդյունքում պետք է պարզ լինի՝ կա՞ ինչ-որ խնդիր, և արդյոք այդ խնդիրն առաջացել է ինչ-որ «մեղադրյալների» գործունեությա՞ն պայմաններում։ Բայց այնուամենայնիվ եթե մենք ծանոթանանք առաջին նախագահի ընդհանուր տեքստին, այնտեղ կան թե՛ դրական և թե՛ բացասական պահեր, որոնք ներկայիս քաղաքական դաշտում կարող են որոշակի ռեզոնանս առաջացնել»։ Ըստ նրա՝ դրական է այն փաստը, որ իշխանության շուրջ համախմբվելու կոչ է արվում, երկրորդ և երրորդ նախագահներին ուղղված կոչը՝ զսպել իրենց լրատվամիջոցներին. «Բացասական է հենց ապրիլյան հանձնաժողովի աշխատանքները դադարեցնելու կոչը։ Կարծում եմ՝ այն որևէ կերպ չի խանգարում, խնդիր չէ։ Հավանաբար առաջին նախագահը ցանկանում էր իր խոսքում որոշակի հավասարակշռություն մտցնել, բայց ավելի շատ ստացվել է տարակուսանք առաջացնող ընդհանուր ֆոն»։ Լուսանկարը՝ Armeniasputnik-ի