Երևանն  ու Բաքուն չեն գիտակցում պանդեմիայի լրջությունը. շուտով Ղարաբաղը նրանց քիչ է հետաքրքրելու, ազգերը փրկելու հարց է առաջանալու

Երևանն ու Բաքուն չեն գիտակցում պանդեմիայի լրջությունը. շուտով Ղարաբաղը նրանց քիչ է հետաքրքրելու, ազգերը փրկելու հարց է առաջանալու

«Հիմա կանխատեսումների իրական բում է՝ բժշկական, քաղաքագիտական։ Հարցն այն է, որ ոչ ոք չգիտի, թե սա ինչպիսի վիրուս է, պատվաստանյութ չկա։ Իսկ աշխարհը, երկրների տնտեսությունները, կառավարման համակարգներն այս ընթացքում հսկայական փոփոխությունների են ենթարկվում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։ Մեր զրուցակցի կարծիքով՝ բոլորն  են այս ընթացքում խոսում այն մասին, որ աշխարհը փոխվելու է, բայց թե ինչպես՝ ոչ ոք չգիտի. «Հենվում են նախկին փորձերի վրա, բայց, ցավոք սրտի, այն ընդամենը իներցիոն է։ Մի քանի բացառություններով՝ նախկին փորձը դրական կանխատեսումներ է հուշում այս ամենի հետ կապված։ Բայց հիմա միջազգային հանրությունը, աշխարհը, տարբեր երկրներ, էլ չեմ ասում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ամբողջությամբ չեն գիտակցել, թե ինչ է պանդեմիան։ Չեն տեսնում հետագա  վտանգները, մտածում են՝ մեկ-երկու ամսից ամեն ինչ կավարտվի, կարծս թե սա ընդամենը հարբուխ է»։ Ստանիսլավ Տարասովն ընդգծեց՝ կստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանին ու Ադրբեջանին Ղարաբաղը քիչ կհետաքրքրի. «Ստիպված կլինեն  ժողովուրդ փրկել։ Սա վերաբերում է նաև վրացիներին և առհասարակ բոլորին, խոսքս միայն Հայաստանի ու Ադրբեջանի մասին չէ։ Նայեք, թե ինչպես իրավիճակն անդրադարձավ Սիրիայի վրա։ Ոչ թե միջազգային հանրության, ոչ թե միջազգային պայմանավորվածությունների շնորհիվ, այլ Թուրքիան ստիպված եղավ կանգնեցնել իր հարձակումը Իդլիբի վրա կորոնավիրուսի պատճառով։ Բայց առճակատման տրամաբանությունը դեռ պահպանվում է, այսօր մեկի մոտ է շատ զինվոր մահանում, վաղը՝ մյուսի։ Պետք է սպասենք տեսնենք, թե ինչ կլինի։ Աշխարհը փոխվում է, բայց թե ինչպես՝ դեռ պարզ չէ»։ Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն  իրավիճակի լրջության գիտակցում. «Ես չեմ ուզում ասել, որ մենք խելացի ենք, դուք՝ հիմար։ Ռուսաստանում ու աշխարհում նոր-նոր եկել է այդ գիտակցումը։ Նայեք՝ ինչ է կատարվում Նյու Յորքում, որը աշխարհ էր կառավարում, հիմա այսպիսի խնդիրների առաջ է կանգնել։ Եվրոպան հայտարարում է, որ փլուզվում է տնտեսությունը, Ռուսաստանն էլ մի կերպ դիմանում է, բայց չգիտենք, թե ինչ է  լինելու։ Հույս ունենք, որ ապրիլի 15-ից հետո ամեն ինչ կավարտվի կամ գոնե 2-3 ամսից, բայց տեղի ունեցող իրադարձությունները դրական ակնկալիքի հիմք չեն տալիս։ Կարող է այնպիսի իրավիճակ առաջանալ, որ պետությունները փլուզվեն, ու ազգի պահպանության խնդիր առաջանա»։ Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Հայաստանը գազ ու նավթ չունի, տնտեսությունը թույլ է, բայց մի կերպ աշխատում է, իսկ Ադրբեջանում իրավիճակն ավելի բարդ է լինելու. «Նավթի գների անկումը հարված է հասցնելու Ադրբեջանին։ Եթե այդպես նայենք՝ Հայաստանի տնտեսությունն ավելի բարենպաստ պայմաններում է հիմա։ Իրավիճակը կլինի այնպիսին, որ Հայաստանի համար գազի գների նվազում կլինի, որովհետև Ռուսաստանը չի կարողանա միջազգային շուկայում 5 դոլարով վաճառել, իսկ Հայաստանին՝ 200, այդպես չի լինում»։