Թուրքիան ՄԻԵԴ-ի որոշումներն ամենից շատ անտեսող երկրորդ երկիրն է

Թուրքիան ՄԻԵԴ-ի որոշումներն ամենից շատ անտեսող երկրորդ երկիրն է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների իրագործման ընթացքը վերահսկող Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է 2019թ․ իր զեկույցը։ Ըստ այդմ՝ Թուրքիայում դեռևս իրագործման իրենց հերթին են սպասում ՄԻԵԴ-ի 184 որոշումներ։ Այս ցուցանիշով Թուրքիան ՄԻԵԴ-ի որոշումներն ամենից շատ անտեսող երկրորդ երկիրն է Ռուսաստանից հետո։ Ռուսաստանում ՄԻԵԴ-ի դեռևս չիրագործված որոշումների թիվը 244 է։ 13-րդ անգամ հրապարակվող տարեկան զեկույցի համաձայն՝ 2019թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ ՄԻԵԴ-ի 5․231 որոշումներ տարբեր երկրներում սպասում են իրագործվելու իրենց հերթին, որոնցից շուրջ 635-ը չեն իրագործվել արդեն ավելի քան 5 տարի։ Այդ որոշումներից 17 տոկոսը կայացվել են անվտանգության ուժերի գործողություններից ծագած անիրավությունների, 10 տոկոսը՝ անարդար ձերբակալությունների և կալանավորումների, 9 տոկոսը՝ կյանքի իրավունքի ոտնահարման և կտտանքների կիրառման հիմքով հարուցված գործերի շրջանակներում։ Զեկույցի համաձայն՝ 2019թ․ ՄԻԵԴ ներկայացված հայցերի 19 տոկոսն ուղղված է եղել Ռուսաստանի դեմ, 11 տոկոսը՝ Թուրքիայի։ ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ տվյալ ժամանակահատվածում Ռուսաստանը ընդհանուր առմամբ պարտավորեցվել է վճարել 28 մլն 547 հզ 005 եվրոյի, իսկ Թուրքիան՝ 2 մլն 170 հզ 693 եվրոյի փոխհատուցում։