Չինաստանի իշխանությունները թույլ են տվել Ուհանից դուրս գալ 11 շաբաթ մեկուսացման մեջ գտնվող բնակիչներին. INTERFAX.RU
23:30 | 2020-04-07
Չինաստանի իշխանություններն արգելափակել էին Ուհան քաղաքը, որտեղից սկսվել էր կորոնավիրուսի համաճարակը:
Ուհանը 76 օր գտնվել է խիստ մեկուսացման պայմաններում. իշխանությունները նման միջոցառումներ են սահմանել՝ COVID-19-ի տարածումը զսպելու նպատակով: Քաղաքից դուրս գալու հնարավորություն ստանալուց հետո մայրուղում կուտակվել են Ուհանը լքել ցանկացողների ավտոմեքենաները:
Վերականգնվել է նաև գնացքների երթևեկությունը: Global Times պարբերականը նշել է, որ ապրիլի 8-ին շուրջ 55 հազար մարդ երկաթուղու միջոցով կլքի քաղաքը: Դրանք հիմնականում մարդիկ են, որոնք աշխատում են այլ քաղաքներում: Չնայած Ուհանից դուրս գալու թույլտվությանը, քաղաքային իշխանությունները բնակիչներին հորդորում են անհարկի չլքել քաղաքը:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Ուհանում կորոնավիրուսով վարակի երկու նոր դեպք է գրանցվել, հայտնում են լրատվամիջոցները: