Մասիս Մայիլյանը կորցրեց իր ընտրազանգվածի մի մասը՝ գործակցելով Սամվել Բաբայանի հետ

Այսօր Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: Արդյո՞ք դա կազդի քաղաքական մթնոլորտի վրա: Հիշեցնենք՝ Արցախում նախատեսվում է անցկացնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ. Արցախի նախագահի հինգ թեկնածուներից առավելագույն ձայներ են հավաքել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ չի կարող կանխատեսել, թե Արցախում վարակակիրների հայտնվելը որքանով կազդի քաղաքական պրոցեսների վրա, սակայն արցախցիներն իր հետ զրույցում ասում են, որ ընտրություններին անգամ հիվանդներն էին պատրաստ գնալ տեղամասեր քվեարկելու: «Լեռնային Ղարաբաղի իշխանությունները և նվազագույնը թեկնածուներից մեկը ցանկություն ունեն ընտրություններն անցկացնել, և դա հասկանալի է, քանի որ պրոցեսի հետաձգումը ճգնաժամի ձգձգում է… Ես, որպես քաղաքագետ, կարող եմ ասել, որ եթե ապրիլի 14-ին Արցախում անցկացվեն նախագահական ընտրություններ ներկայիս իրավիճակում, ապա դրանք կունենան թույլ լեգիտիմություն: Քաղաքագետի գնահատմամբ՝ Արցախում այս ընտրություններն աննախադեպ էին մրցակցայնության, մեծ թվով թեկնածուների ներգրավվածության առումով: «Ինձ համարի ի սկզբանե ակնհայտ էր, որ երկու ֆավորիտ է լինելու, տարբեր են նրանց մոտեցումները քաղաքականությանը, պայքարի գործիքները, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսները»,- նշեց քաղաքագետը: Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Մասիս Մայիլյանը կորցրեց իր ընտրազանգվածի մի մասը՝ գործակցելով Սամվել Բաբայանի հետ: Քաղաքագետի խոսքով՝ ընտրությունների առաջին փուլում նրանք քաղաքական առումով պետք էին միմյանց, իսկ երկրորդ փուլը Սամվել Բաբայանին պետք չէ, քանի որ նրա ղեկավարած քաղաքական ուժն արդեն խորհրդարանում է: Մանրամասն տեսանյութում: