ՖԻՖԱ-ի հարկադրված որոշումը ֆուտբոլը փրկելու համար…

ՖԻՖԱ-ի հարկադրված որոշումը ֆուտբոլը փրկելու համար…

Ֆուտբոլային 2019/2020 մրցաշրջանը իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում կունենա իր տրամաբանական ավարտը։ Մասնավորապես, ֆուտբոլային թիվ մեկ կառույցի բոլոր անդամ երկրները ստիպված կլինեն ավարտել պանդեմիայի հետևանքով դադարեցված առաջնությունները։ ՖԻՖԱ-ն շուտով կհրապարակի այս որոշումը, որին հատկապես սպասում են եվրոպական գրանդ ակումբները։ Ընդ որում, ֆեդերացիաներին հնարավորություն կտրվի ինքնուրույն որոշելու՝ ինչ ժամկետում ավարտել մրցաշրջանը։ ՖԻՖԱ-ն կընդունի ևս մեկ կարևոր որոշում, ըստ որի՝ կերկարաձգվի տրանսֆերային պատուհանը։ Այն ֆուտբոլիստների պայմանագրերը, որոնք ավարտվում են այս մրցաշրջանի ավարտին, ավտոմատ կերպով կերկարացվեն։ Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Վերջինս ևս հայտարարել էր, որ ազգային առաջնությունները պետք է ունենան իրենց տրամաբանական ավարտը, իսկ այն երկրները, որոնք կորոշեն չեղարկել մրցաշրջանը, կպատժվեն։ Օրեր առաջ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում էր կայացրել առաջնությունը ժամկետից շուտ ավարտելու մասին, ինչի արդյունքում չեմպիոն էր հռչակվել «Բրյուգեն»։ Եվ ահա այս քայլի հետևանքով Բելգիան ՈՒԵՖԱ-ի կողմից կենթարկվի լուրջ պատժամիջոցների։ Հիշեցնենք, որ պանդեմիայի պատճառով, բացառությամբ Բելառուսի և էլի մի քանի երկրների, դադարեցվել էին բոլոր ազգային առաջնությունները։ Սրա հետևանքով բազմաթիվ ակումբներ արդեն իսկ հայտարարել են սնանկանալու մասին։ Ծանր իրավիճակում են հայտնվել նույնիսկ եվրոպական գրանդ ակումբները, որոնք զրկվել են ֆինանսական հոսքերից։ Ազգային առաջնությունները վաղաժամ ավարտելու թեման վերջին շրջանում քննարկման լայն առարկա էր դարձել ազգային ֆեդերացիաներում, ինչպես նաև ֆուտբոլային խոշոր կառույցներում՝ ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում։ Իրավիճակի մանրակրկիտ վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ եթե առաջնությունները ավարտվեն վաղաժամ, ապա դա կհանգեցնի քաոսի։ Ակումբները լիահույս են, որ դադարեցված մրցաշրջանը կվերսկսվի հնարավորինս շուտ։ Մասնավորապես, եթե եվրոպական թոփ առաջնությունները ուղղակի չեղարկվեն, ապա ակումբները ընդհանուր առմամբ կկրեն մոտ 4.5 միլիարդ եվրոյի վնաս, ինչը կոլապսային իրավիճակ կստեղծի։ Մասնավորապես, եվրոպական ակումբները չեն ստանա հեռուստահեռարձակումներից գոյացած գումարները, որը եկամտի հիմնական աղբյուրներից է։ Հետևաբար ՖԻՖԱ-ի ազգային առաջնությունները պարտադիր ավարտելու մասին որոշումը ըստ էության կփրկի համաշխարհային ֆուտբոլը կործանումից։ Այո, կխախտվեն խոշոր մրցաշարերի ժամկետները, բայց... Առաջնությունները վաղաժամ ավարտելու պարագայում շատ ակումբներ ուղղակի հնարավորություն չեն ունենա մասնակցելու եվրագավաթների խաղարկություններին։ ՈՒԵՖԱ-ն էլ իր հերթին չի կարողանա ակումբներին վճարել իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցության համար նախատեսված գումարները։ Այս պահին ակումբների հիմնական խնդիրը գոյատևելն է՝ մինչև պանդեմիայի ավարտը։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ, օրինակ, «Յուվենտուսի» ղեկավարությունը համաձայնության է եկել թիմի ֆուտբոլիստների հետ աշխատավարձի նվազման շուրջ։ Պանդեմիայի հետևանքով ակումբը կանգնել է ֆինանսական լուրջ խնդիրների, նույնիսկ սնանկացման վտանգի առաջ։ Այժմ «Յուվենտուսը» դիտարկում է ճգնաժամը հաղթահարելու մի քանի տարբերակ։ Մասնավորապես, ակումբի ղեկավարները մտադիր են վաճառել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը։ Բացի «Յուվենտուսից», էլի մի քանի գրանդ ակումբներ հայտարարել են աշխատավարձի նվազեցման վերաբերյալ ֆուտբոլիստների հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Իրավիճակն այնպիսին է, որ եթե նույն «Յուվենտուսի» կամ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները չհամաձայնեն աշխատավարձի 70 տոկոսով նվազմանը, ապա այս ակումբները ուղղակի կփոշիանան։ Ըստ մոտավոր հաշվարկի՝ կրճատման արդյունքում «Յուվենտուսին» հաջողվել է խնայել մոտ 90 միլիոն եվրո։ Սա որոշ չափով կերկարաձգի գոյատևումը։ Վաճառելով Ռոնալդուին՝ «Յուվենտուսը» կստանա մոտ 70 միլիոն եվրո, ինչը ևս մի քանի ամիս կերկարաձգի գոյատևումը։ Չինաստանը, որը հաղթահարել է պանդեմիան, պատրաստ է ձեռք բերել եվրոպական ֆուտբոլի աստղերին։ Հավանականությունը մեծ է, որ մոտ ապագայում չինական թիմերը կհամալրվեն հարյուրավոր հայտնի ֆուտբոլիստներով։ Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությանը, ՈՒԵՖԱ-ի աշխատանքային խմբի կողմից մշակվող սցենարների կոնտեքստում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները նախօրեին քննարկել են ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման ՀՖՖ աշխատակազմի կողմից մշակված երեք հնարավոր սցենարները և ժամկետները: Մասնավորապես, դիտարկվել են ՀՀ առաջնությունների վերսկսման հետևյալ հնարավոր ժամկետները՝ մայիսի սկիզբ, հունիսի սկիզբ և հունիսի վերջ՝ կախված ՀՀ տարածքում արտակարգ դրության հնարավոր ավարտից կամ վերջինիս ժամկետների հնարավոր երկարացումից: