Խոակին Կապառոսի ծանրակշիռ պատասխանը կարևորագույն հարցին…

Խոակին Կապառոսի ծանրակշիռ պատասխանը կարևորագույն հարցին…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, նախօրեին պատասխանելով մի շարք կարևոր հարցերի, ներկայացրեց նաև իր տեսլականը։ Մասնավորապես, ՀՖՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում հարցին, թե ի՞նչն էր նախորդ շրջափուլում մեր հավաքականի մի քանի տպավորիչ հաղթանակների հիմքում, Կապառոսը պատասխանել էր. «Նվիրվածությունը, թիմային ոգին և մենթալիտետը: Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մեր թիմը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա և խիզախ լինի դաշտում»: Առաջին հայացքից Կապառոսի պատասխանը պարզ և ինչ-որ տեղ նույնիսկ պրիմիտիվ է թվում։ Տարիներ շարունակ մենք հավատացել ենք, որ նվիրվածության և «դուխով» խաղալու շնորհիվ կարելի է հաղթել նույնիսկ ամենաուժեղ մրցակիցներին։ Այո, «դուխով» խաղալը հաղթանակի բաղադրիչներից է և երբեմն «սարեր է շուռ տալիս», բայց... Տարիներ շարունակ մենք հույսներս կապել ենք «դուխի» ու նվիրվածության հետ, քանզի հաջողության հասնելու այլ գործոն չենք տեսել։ Իսկ հաջողության հիմնական գործոնը գլխավոր մարզիչն է, որը նույնիսկ կադրային լուրջ խնդիրների պայմաններում պետք է ունենա ինչ-որ մակարդակի խաղային ռեսուրս։ Նախորդ շրջափուլում մեր հավաքականը տարավ մի քանի տպավորիչ հաղթանակներ։ Աթենքում 3։2 հաշվով հաղթեցինք հույներին, իսկ Երևանում դրամատիկ պայքարում 4։2 հաշվով պարտության մատնեցինք Բոսնիա-Հերցեգովինային։ Եթե իրերն անվանենք իրենց անուններով, Կապառոսը, անդրադառնալով տպավորիչ հաղթանակներին, մատչելի կերպով բացատրել է, որ այդ հաղթանակների հիմքում անուամենայնիվ բացակայել են տակտիկական գործոնն ու խաղային մոդել կոչվածը։ Կապառոսը, անտեղի համեստություն ցուցաբերելով, այսպես ասած՝ ձևի համար կարող էր նվիրվածությանն ու թիմային ոգուն ավելացնել, ասենք, կիսապաշտպանության գրագետ գործողությունները կամ հակագրոհների արդյունավետությունը։ Կապառոսի գնահատականը միանգամայն օբյեկտիվ է և սպառիչ։ Եվրո-2020-ի ընտրական փուլում մեր հավաքականի հաջողություններն ու ձախողումները շատ երկրպագուներ կապում են Հենրիխ Մխիթարյանի հետ։ Մասնավորապես, այս թեզի համաձայն՝ առանց Մխիթարյանի Հայաստանի ազգային հավաքականը խաղացել է ըստ էության կես թիմով։ Ինչ խոսք, նման դիտարկման մեջ կան նաև ճշմարտության նոտաներ, բայց... Եթե Հայաստանի հավաքականն ունենար բարձրակարգ մարզիչ և ձևավորված խաղային նախագիծ, համոզված ենք՝ հաղթանակների և ձախողումների կոնտրաստն այդքան մեծ չէր լինի։ Ի դեմս Խոակին Կապառոսի՝ մենք եվրոպացի բարձրակարգ մասնագետի կողմից ստացանք ծանրակշիռ պատասխան՝ գնահատական քննարկման լայն առարկա դարձած հարցի վերաբերյալ։ Փորձենք հասկանալ նաև Կապառոսի դիտարկման երկրորդ հատվածը, որի համաձայն՝ մեր թիմը պետք է հաղթողի հոգեբանություն ունենա և խիզախ լինի դաշտում։ Այս շեշտադրումը խոսում է այն մասին, որ Կապառոսի կարծիքով՝ մեր հավաքականը չունի այդ հոգեբանությունը, ոչ միշտ է «դուխով» և նվիրված խաղացել, ինչի հետևանքով էլ եղել են ձախողումներ։ Դե բնական է, եթե հավաքականը չունի բարձրակարգ մարզիչ և խաղային մոդել, առանց գլխավոր «դուխ տվողի»՝ թիմի ավագի, դուրս գալով մարզադաշտ, վճռորոշ խաղում պետք է 1։1 խաղա Լիխտենշտեյնի պես հավաքականի հետ։ Եթե ավելի հակիրճ և պարզ փորձենք «վերծանել» Կապառոսի դիտարկումը, կստացվի, որ այսօր ունենք մարզչական և տակտիկական առումներով 0-ական վիճակում գտնվող հավաքական, որը մի քանի անգամ «դուխով» խաղալու արդյունքում հաղթանակներ է պոկել։ Ու հիմա մեր ազգային թիմի հաջողության հիմքում Կապառոսը տեսնում է խաղային ողնաշար ունեցող կոլեկտիվն ու այդ կոլեկտիվում հաստատված հաղթողի հոգեբանությունը։ Ավելի վաղ իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում Կապառոսը հանդես էր եկել բավական պատասխանատու հայտարարությամբ։ «Ինձ զարմացրեց Երևանը: Ուրախության քաղաք է: Շատ ապահով, ուրախ քաղաք է՝ փողոցներում շատ մարդկանցով: Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլին, նրանք լավ ակադեմիաներ ունեն, լավ պայմաններ, 10 ֆուտբոլային դաշտեր: Մեր գլխավոր նպատակը Աշխարհի առաջնությանը որակավորվելն է, որին նրանք երբեք չեն մասնակցել: Ես ինձ միշտ նորարար եմ համարել: Ես միշտ ապստամբել եմ նրանց դեմ, ովքեր ասել են, որ ես հնացած եմ: Ես միշտ նոր մարզումներ եմ արել՝ ինձ միշտ շրջապատելով լավ պատրաստված և նորարարական մարդկանցով»,- նշել էր Կապառոսը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչը նշանակվելուն պես հստակ կերպով բարձրաձայնել էր նպատակը և խնդիրը, որ դրված է ազգային թիմի առաջ։ Սա միանգամայն ողջունելի և պրոֆեսիոնալ մոտեցում է։ Իսպանացի հայտնի մասնագետը ըստ էության տեսնում է ուղին մեր հավաքականն Աշխարհի առաջնություն դուրս բերելու։ Նշենք, որ ՀՖՖ-ն Կապառոսի հետ պայմանագիր է կնքել մինչև 2021 թվականի նոյեմբերը, այսինքն՝ մինչև Աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը։ Ավելի ստույգ խոսելով Աշխարհի առաջնությունում ելույթ ունենալու մասին՝ Կապառոսը նկատի ունի առաջիկա Մունդիալը։