Երբեք  չպետք է քաղաքացիների համար ստեղծվեն այնպիսի անհարմարություններ, որ սկսեն ըմբոստանալ

Երբեք չպետք է քաղաքացիների համար ստեղծվեն այնպիսի անհարմարություններ, որ սկսեն ըմբոստանալ

Մեր հայտարարությունը նախ պահանջ է, որպեսզի կառավարությունն այդ կարգի ազատությունների և իրավունքի սահմանափակումներ կիրառելիս լինի լիովին թափանցիկ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիների գտնվելու վայրը տեղորոշելու նախաձեռնության վերաբերյալ լրագրողական մեկ տասնյակ կազմակերպությունների հայտարարությանը: «Այսինքն՝ հետո եթե լինելու է նաև արտահոսք այդ տեղեկությունների, հասարակությանը պարզ լինի, թե ով է դրա համար պատասխանատու: Դրա համար մենք շեշտում ենք, որ նույնիսկ այս պայմաններում կառավարությունն ազատված չէ հասարակության առջև հաշվետու լինելուց և պատասխանատվություն կրելուց իր գործողությունների համար: Եթե այդ կարգի միջոցառումներ կիրառվեն, ինչպես նաև հանրային վերահսկողության որևէ տարբերակ, դա բնականաբար ավելի մեծ վստահություն կառաջացնի հասարակության մեջ, և ճիշտ ընկալումներ կլինեն, թե ինչի համար է դա արվում, և որ դա իրոք անհրաժեշտություն էր, այլ ոչ թե արշավ, այլ նպատակներ ունեցող նախաձեռնություն»,- ասաց նա: Դիտարկմանը, թե արդյոք պարետ Տիգրան Ավինյանի կողմից ԱԺ-ում ներկայացված հիմնավորումները բավարար չէի՞ն՝ նաև հաշվի առնելով, որ Վրաստանում քաղաքացիների տվյալների բավականին արտահոսք է եղել, Նավասարդյանն արձագանքեց. «Պարետի ներկայացրած փաստարկները կարող են հիմնավորում լինել այդ կարգի նախաձեռնության համար, բայց դրանք բավարար չեն կիրառման արդյունավետության և ապահովության առումով: Հենց դրա մասին է մեր հայտարարությունը: Մենք, ի տարբերություն այլ կազմակերպությունների, պահանջ չենք դնում չեղարկելու այդ նախաձեռնությունը, բայց այն իրականացնելու առումով պետք է լիովին թափանցիկ և պատասխանատու լինեն կառավարությունն ու պարետատունը: Մենք ուզում ենք վստահ լինել, որ միայն սահմանափակ շրջանակի մարդկանց և կառույցների համար են հասանելի լինելու այդ տվյալները, և որ արտահոսքի հնարավորությունները շատ քիչ են: Երբ այդ անձինք ու կառույցները ներկայացված չեն հանրությանը, բնականաբար կլինեն կասկածներ, որ այդ տվյալները կարող են հայտնվել այնպիսի ձեռքերում, որոնք կարող են խախտել հասարակության և առանձին քաղաքացիների մասնավոր կյանքի պաշտպանությունը»: Անդրադառնալով պնդմանը, որ եթե անգամ մեկ մարդու կյանք է փրկվելու այս նախաձեռնությամբ, ապա այն արդարացված է, Բորիս Նավասարդյանն ասաց. «Այդ մասին էլ կա հայտարարության մեջ: Մենք պետք է տեսնենք, թե ինչպիսի արդյունավետությամբ են աշխատել, որպեսզի գնահատենք, թե որքանով էր այն համաչափ մարդկանց առողջությանն ուղղված սպառնալիքներին: Եթե ընդամենը 1-2 դեպքում արդյունավետ աշխատի, ապա դրա լայն կիրառումը քաղաքացիների շրջանում միանշանակ արդարացված չի լինելու: Դրա համար նույնպես կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի, ինչպես նաև հետագայի համար դասեր քաղի»: Բորիս Նավասարդյանը խոսեց նաև քաղաքում տիրող իրավիճակի մասին, երբ չնայած պարետի կողմից իրականացվող խստացումներին՝ մարդիկ շարունակում են ակտիվ կյանքով ապրել. «Ամեն ինչ հարաբերական է. եթե համեմատենք այն եռուզեռի հետ, որ ունեինք մինչև համավարակի տարածումը կամ մինչև արտակարգ դրություն հայտարարելը, ապա շատ պասիվ է քաղաքը, մենք շատ քիչ մարդկանց և քիչ մեքենաներ ենք տեսնում: Բայց կիրառվող միջոցների խստության համեմատ միգուցե կարելի է ասել, որ քաղաքացիները շարունակում են ակտիվ կյանքով ապրել: Դա նշանակում է, որ միջոցները հիմնականում դաստիարակչական նշանակություն ունեն: Այսինքն՝ մարդկանց ինքնագիտակցության վրա են կենտրոնացած: Երևի այս պահին դա լավագույն որոշումն էր, և այն, որ կառավարությունը ամեն դեպքում, գոնե մինչև այս գործիքի կիրառումը, բավականին լայն վստահություն է վայելում, դա ընդհանրապես դրական գործոն է համավարակի տարածման պայմաններում: Հուսանք, որ չի խախտվի հասարակություն-կառավարություն այդ փոխըմբռնումը»: Նրա խոսքով՝ այստեղ շատ նուրբ է բալանսի պահպանման սահմանը. «Եթե դու անցնում ես որոշակի խստացման լիմիտները, կարող է հակառակ արդյունքն ունենալ: Երբեք պետք չի հասցնել այնտեղ, որ այնքան անհարմարություններ ստեղծեն քաղաքացիների կյանքի համար, որ նրանք սկսեն ըմբոստանալ: Այստեղ սահմանը շատ նուրբ է, և առայժմ կառավարության մոտ ստացվում է այն պահպանել: Մենք գիտենք երկրներ, որտեղ արդեն կան բողոքի դրսևորումներ, երբ այդ խստացումները հասարակության մեջ տպավորություն են թողնում, որ անհամաչափ են և այլ նպատակներ են հետապնդում, քան իրենց առողջության պահպանությունը»: Լուսանկարը՝ panorama.am-ի