Շեյխ Մոհամմեդ բին Զայեդը հաստատել է ԱՄԷ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին. WAM

Շեյխ Մոհամմեդ բին Զայեդը հաստատել է ԱՄԷ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին. WAM

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում համատեղ ջանքեր գործադրելու հնարավորությունները։ Այս մասին գրում է Արաբական Միացյալ Էմիրությունների պետական գործակալություն WAM-ը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի և շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի միջև նախօրեին կայացած հեռախոսազրույցին։ Հրապարակման մեջ նշվում է, որ կողմերը տեսակետներ են փոխանակել տարածաշրջանային և համաշխարհային վերջին զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձել երկու երկրների ձեռնարկած քայլերին՝ ուղղված COVID-19-ի դեմ պայքարին և աշխարհի մյուս երկրների վրա վիրուսի ազդեցության թուլացմանը։ https://armenpress.am/static/news/b/2020/03/1010117.jpg «Հեռախոսազրույցի ընթացքում Նորին Մեծություն շեյխ Մոհամմեդ բին Զայեդը և նախագահ Սարգսյանը քննարկել են COVID-19-ին դիմակայելուն ուղղված համատեղ համագործակցության հնարավորությունը։ Նրանք քննարկել են նաև երկու երկրների միջև տնտեսության ու ներդրումային ոլորտներում համագործակցության հեռանկարը, որը կծառայի երկկողմ հետաքրքրություններին ու առաջընթացին։ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդը հաստատել է ԱՄԷ պատրաստակամությունը՝ Հայաստանին ու բարեկամ ժողովրդին ցուցաբերելու ամեն տեսակ աջակցություն վիրուսի զսպման և դրա հետևանքների սահմանափակման գործում։ Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդին երկկողմ աճող հարաբերություններին իր մշտական աջակցության համար»,- ասվում է ԱՄԷ պետական գործակալության հրապարակման մեջ։