Կորոնավիրուսով հիվանդներին հիվանդանոցներից կտեղափոխենք հյուրանոցներ. Նիկոլ Փաշինյան

Այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք բուժում չեն ստանում: Նրանց մոտ ախտորոշված է կորոնավիրուս, բայց նրանք բուժում չեն ստանում և գործառնական իմաստով նրանց հիվանդանոցում գտնվելն արդարացված չէ: Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս հավելեց, որ այսօր առավոտյան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկում են ունեցել և որոշել, որ թեթև դեպքերին կտեղափոխեն հյուրանոցներ. «Կփորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի մեր այդ հայրենակիցներին տեղավորենք հյուրանոցներում ապահովելով սնունդը և մյուս կարիքները: Կարծում եմ պետք է այս քաղաքականությունը շարունակենք և բանակցենք հյուրանոցների հետ: Սա օգտակար է նաև այն հյուրանոցների համար, որոնք ըստ էության իրավիճակով պայմանավորված դատարկ են: Իհարկե որոշակի բարդույթներ կլինեն, որ հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակության հետ կապված»,-ասաց Նիկոլ Փաշինյանը ընդգծելով, որ կորոնավիրուսից հետո այդ հյուրանոցների սենյակների հետ որևէ վատ բան չի պատահի, առավել ևս եթե պարբերաբար ախտահանվեն: