Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի վարորդներին տրվել են պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ

Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի վարորդներին տրվել են պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲ ընկերությունն իրականացնում է կանխարգելիչ և հակահամաճարակային աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲ ընկերությունը 2020 թ. փետրվարի 28-ից ընկերության տարածքում և ուղեգծերի վերջնակետերում օրական երկու անգամ հատուկ ախտահանիչ նյութերով իրականացնում է ներքաղաքային երթուղիները սպասարկող ավտոբուսների ուղևորասրահների ախտահանում: Ուղևորահոսքի զգալի անկման պատճառով ընկերության վնասի նվազեցման, ինչպես նաև ախտահանման աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով 2020 թվականի մարտի 18-ից ընկերության կողմից ներքաղաքային ուղեգծերը սպասարկող ավտոբուսների քանակը նվազեցվել է՝ 24-ի փոխարեն այժմ աշխատում է 17 ավտոբուս: Վարորդներին տրամադրվել են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և ալկոգելի սրվակներ՝ աշխատանքային ժամերին անձնական հիգիենայի պահպանման համար: Ընկերության տարածքը պարբերաբար ախտահանվում է հատուկ նյութերով. տեղադրվել են ալկոգելի տարաներ, սահամանափակվել է այլ անձանց մուտքը վարչական տարածք: Ուղեգծեր դուրս գալուց առաջ վարորդների պարտադիր բուժզննումը կատարվում է առավել խստացված ու մանրազնին: Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն հայտնաբերվել։ Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Թեստերից 1440-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 26-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը: