Կորոնավիրուսը՝ հայահոծ Լիբանանում. հետևանքները ծանր են լինելու

Աշխարհում շարունակում է ավելանալ կորոնավիրուսով վարակվածների թիվը, ավելանում են նաև մահացության դեպքերը: Լիբանանում ևս արտակարգ դրություն է՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով: Հայաբնակ Այնճարի ղեկավարները որոշմամբ՝ գյուղաքաղաքը մեկուսացվել է վարակից զերծ մնալու համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ: Մեր զրուցակիցը նշեց, որ Լիբանանի իշխանությունները կոչ են անում երկրի բնակիչներին տանից դուրս չգալ, ինքնակազմակերպվել, միևնույն ժամանակ լայնածավալ իրազեկումներ և կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: Գանտահարյանի խոսքերով՝ Լիբանանում վարակակիրների թիվը հասնում է շուրջ 300-ի: «Մինչ այս պահն իրավիճակը վերահսկելի է, հիվանդանոցներին հաջողվում է բարելավել դիմողների կարիքները: Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա Այնճար գյուղաքաղաքի մուտքը փակ է տեղի ղեկավարության որոշմամբ, առ այս պահը վարակի դեպքեր չեն գրանցվել»: Անդրադառնալով հայահոծ մյուս շրջանին՝ Բուրջ Համուդին, Գանտահարյանը շեշտեց, որ այստեղ ևս կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: «Պետք է ասել, որ հայ համայնքը շատ կարևոր նախաձեռնությամբ է հանդես եկել, ձևավորվել է շտաբ, որը մնայուն կապի մեջ է համայնքի ներկայացուցիչների հետ, արդյունավետ և նպատակաուղղված համագործակցություն է իրականացնում՝ կարիքավորներին տրամադրելով անհրաժեշտ օգնություն»: Մեր զրուցակիցը, համաձայնելով այն դիտարկմանը, որ Lիբանանում նախքան կորոնավիրուսի բռնկումը ներքաղաքական բավականին լարված բարդ, սոցիալ-տնտեսական իրավիճակ էր, ասաց. «Լիբանանը հատկապես ֆինանսական տնտեսական ոլորտում աննախադեպ ճգնաժամի մեջ է: Կորոնավիրուսի պատճառով ընդհանրապես սառեցվել է գրեթե ամեն ինչ, այստեղ ոչ միայն կորոնավիրուսի տարածումը կանխելու խնդիր է, այլ նաև կարիքավորներին օգնելու: Հայկական համայնքի առումով և՛ հոգևոր կենտրոնները, և՛ միութենական կենտրոնները, հիմա նաև այս ճգնաժամային շտաբը բավական ակտիվ փորձում են լուծել խնդիրները: Հետևանքները, իհարկե, ծանր են լինելու ինչպես աշխարհում, այնպես էլ Լիբանանում»:   Առավել մանրամասն՝ տեսանյութում: