Կորոնավիրուսով վարակված Մոնակոյի արքայազնը պատմել է հիվանդության ախտանշանների մասին

Կորոնավիրուսով վարակված Մոնակոյի արքայազնը պատմել է հիվանդության ախտանշանների մասին

Մոնակոյի արքայազն Ալբեր II-ը, որի մոտ նոր տիպի կորոնավիրուս էր ախտորոշվել, պատմել է, թե ինչպես է իր մոտ սկսվել հիվանդությունը, գրում է Interfax.ru կայքը։ «Ես համի և հոտի զգացողությունս չէի կորցրել: Սկզբում թվում էր, թե սովորական հարբուխ է սկսվում։ Հազն անմիջապես չսկսվեց։ Հետո արդեն մի քիչ ջերմությունս բարձրացավ, բայց դրանք բոլորը թույլ ախտանշաններ են»,- ասել է Մոնակոյի արքայազնը France RTL ռադիոկայանին տված հարցազրույցում։ Նրա խսքերով, առաջին ախտանշանները նրա մոտ մարտի 15-ին են սկսել ի հայտ գալ, բայց կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը նա միայն երկու օր անց է ստացել։ Նա ավելացրել է նաև, որ Մոնակոյում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները նույն ժամանակ են սկսվել, ինչ Ֆրանսիայում։ «Մենք չենք կարող ավելի քիչ բան անել, քան անում են հարևան երկրները»,- ասել է Ալբեր II-ը։ Նա նաև նշել է, որ հավանություն է տվել պարետային ժամ մտցնելու նախաձեռնությանը։ Նշենք, որ արքայազնը կարանտինում է գտնվում իր պալատում և շարունակում է այնտեղից աշխատել։ Չորեքշաբթի օրը հայտնի դարձավ նաև, որ կորոնավիրուս է ախտորոշվել բրիտանական արքայազն Չարլզի մոտ, որը մարտի սկզբներին հանդիպել էր Մոնակոյի արքայազնի հետ։