Ֆորս-մաժոր է. կողմերը ազատվում են պարտավորությունները ժամանակին չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից

Ֆորս-մաժոր է. կողմերը ազատվում են պարտավորությունները ժամանակին չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից

Արտակարգ դրության այս օրերին քաղաքացիներին, հատկապես սոցիալապես անապահով խավին, վարակին զուգահեռ հուզում է նաև կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու հարցը։ Ո՛չ «Գազպրոմ»-ից, ո՛չ ՀԷՑ-ից, ո՛չ «Վեոլիա Ջրից» իրենց բաժանորդների համար վճարումների համար սահմանված ժամկետները հետաձգելու որևէ հայտարարություն չի եղել։ Հակառակը՝ այս օրերին պարբերաբար քաղաքացիներից ահազանգեր կան, որ լույսի, գազի «մարդը» զգուշացրել է, որ վճարումներ չկատարելու դեպքում անջատումներ կլինեն։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն արդեն կոչ է արել քաղաքացիներին ժամանակին մարել գազի պարտքերը, քանի որ ՀՀ օրենսդրությամբ այլ արտոնություն սահմանված չէ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի կարող լրացուցիչ արտոնություն տրամադրել մատակարարված գազի արժեքի համար վճարումների հարցում: «Վեոլիա Ջուր» ընկերությունը նույնպես քաղաքացիներին հորդորում է ժամանակին կատարել վճարումները։ ՀԷՑ-ը նույնպես արդեն տեղեկացրել է, որ ընկերությունը էլեկտրականությունն անջատելու մասին որոշում չի կայացրել, սակայն կոչ է անում քաղաքացիներին կատարել վճարումները։ Ընդ որում, եթե որոշ աշխատանքների դեպքում աշխատողները կարող են տանից աշխատել, ստանալ որոշակի եկամուտներ և e-banking-ի միջոցով վճարումները կատարել, ապա սոցիալապես անապահով խավի, արտակարգ դրության պատճառով նաև հեռահար աշխատելու հնարավորությունից զրկված քաղաքացիների դեպքում դա անհնար է, մարդիկ պարզապես ամսական եկամուտներ չեն ունենա, որպեսզի վճարումները կատարեն։ Նախօրեին արդեն Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը բարձրացրել էր այս հարցը՝ նշելով, որ իրենք բազմաթիվ նման բովանդակությամբ նամակներ են ստանում։ «Նոր կորոնավիրուսային համավարակի կանխարգելմամբ պայմանավորված՝ երկրում արտակարգ դրության հայտարարմամբ ՀՀ սոցիալապես անապահով խավերը կանգնել են լուրջ խնդիրների առջև, որոնք կապված են կոմունալ ծառայությունների դիմաց վճարների հետ: ՀՀ կառավարության, մասնավորապես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և գլխավոր պարետատան ուշադրությունն եմ հրավիրում այս խնդրի վրա և ակնկալում, որ ինչ-որ լուծում կտրվի մեր հայրենակիցների վիճակը թեթևացնելու համար: Գուցե արժե, որ ՀՀ կառավարությունը դիտարկի կամ նման խավերի որոշ ծախսերի սուբսիդավորման սխեմաներ, կամ բանակցությունների մեջ մտնի կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների ղեկավարությունների հետ, որպեսզի ՀՀ քաղաքացիները չկանգնեն խնդիրների առջև»,- բարձրաձայնել է ՀԽ նախագահը։ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ, ցավոք, այս կառույցները մասնավոր են, այլ ոչ պետական, և ինչ-որ բան պարտադրելն ավելի դժվար է։ «Սակայն արտակարգ դրության պայմաններում, իհարկե, պետությունը, իշխանությունը, կառավարությունը պետք է ինչ-որ կերպ միջամտի և հօգուտ սպառողի հարցը մեղմացնելու ուղիներ գտնի»,- ասաց Չիլինգարյանը։ Նրա խոսքերով՝ ճիշտ է, արտակարգ դրությունը մեկ ամսով է, բայց դա չի նշանակում, որ դրա ավարտից հետո կյանքը կվերադառնա նախկին բնականոն հունին։ «Բացառված չէ, որ այս վիճակը շարունակական լինի, ավելի սրացումներ լինեն, և դա նշանակում է, որ հատկապես սոցիալապես անապահով խավի համար խնդիրներ կառաջանան։ Ճիշտ կլինի, որ հատկապես այդ խավի համար վճարումները հետաձգվեն։ Իսկ ստեղծված իրավիճակում հոսանքազրկումը, գազանջատումը անթույլատրելի կլինի»,-ասաց սպառողների իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ հարցի լուծումներից առավել տրամաբանականն այն է, որ պետությունը էներգակիրների հետ բանակցությունների գնա ժամկետների հետաձգման մասով, քանի որ ստեղծված բարդ իրավիճակում պետության՝ իր վրա լրացուցիչ պարտավորությունները վերցնելու հնարավորությունները անսահմանափակ չեն։ «Այս վիճակով պայմանավորված՝ նաև տնեսությունն է հայտնվելու բարդ իրավիճակում։ Արտադրությունները կանգնեցված են, բյուջե մուտքեր գրեթե չկան։ Պետությունը, բյուջեն նույնպես տուժում են, և դժվար է ասել, որ պետությունը պետք է իր վրա վերցնի այդ խավի վճարումների հարցը։ Հետևաբար, ամենաճիշտ մոտեցումը դա հենց բանակցությունների գնալն է այդ կառույցների հետ»,- ընդգծեց Կարեն Չիլինգարյանը։ Իրավաբան, փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը կարծում է, որ Հայաստանում տիրող ներկա իրավիճակը և հայտարարված արտակարգ դրությունը համարվում են ֆորս-մաժորային իրավիճակներ (կողմերից անկախ պատճառներով վրա հասած անհաղթահարելի ուժ)։ Իսկ ֆորս-մաժորային իրավիճակում, երբ քաղաքացու հետ կնքված պայմանագրերով նշված են ֆորս-մաժորային դրույթներ, կողմերը ազատվում են պարտավորությունները ժամանակին չկատարելու համար նախատեսված պատասխանատվությունից։ «Միաժամանակ, ցանկացած կոնկրետ դեպքում հարկավոր է ներկայացնել, թե որոնք են պարտավորությունը կատարելուն խոչընդոտող հանգամանքները։ Ներկայիս արտակարգ դրության պայմաններում այդ հանգամանքներից են, օրինակ, ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումը, կայուն եկամուտ չունենալը, որը պայմանավորված է այս օրերին չաշխատելով, վճարում կատարելու այլ հնարավորություն չունենալը, օրինակ՝ e-banking կամ դրամային փոխանցումների այլ համակարգերից օգտվելը, և այլ օբյեկտիվ հանգամանքներ։ Ի դեպ, ըստ Սողոմոնյանի, գրեթե բոլոր պայմանագրերը տիպային են և, որպես կանոն, բոլորում կարգավորված են ֆորս-մաժորային իրավիճակները։ Լուսանկարը՝ Armeniasputnik-ի