Այս համաճարակը ցույց տվեց մեր համակարգային բացերը. մենք միջազգային օգնության կարիք ենք ունենալու

Մարտի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 դեպք, որոնցից 18-ն արդեն ապաքինվել են, ավելի մեծ է մեկուսացումից դուրս եկածների թիվը: Մի կողմից՝ սա կարելի է համարել դրական դինամիկա, մյուս կողմից՝ պարետատունը մտցնում է արտակարգ դրության նոր սահմանափակումներ: «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը և կառավարման հարցերի փորձագետ Հայկ Այվազյանը: Միքայել Զոլյանի խոսքով՝ արտակարգ դրության խիստ միջոցառումների անցնելը լիովին արդարացված է: «Կարևոր է, որ մեր առողջապահության համակարգը դիմանա վարակակիրների կամ հիվանդների քանակին: Իհարկե հնարավոր չէ վարակի տարածումը լիովին կանխել, բայց պետք է այնպես անել, որ վարակի տարածման տեմպերը վերահսկելի լինեն, որպեսզի հնարավոր լինի հիվանդներին բուժօգնություն ցույց տալ: Պետք է այնպես անել, որ միաժամանակ հիվանդների թիվը չափազանց մեծ չլինի: Եվ այս բոլոր միջոցառումները դրա համար են իրականացվում: Ըստ էության՝ գրեթե բոլոր երկրները նույն միջոցներն են ձեռնարկում»,- նշեց պատգամավորը: -Մեր կառավարության մոտեցումը ճկուն լինելն է, մեկ շաբաթ հետո կորոշենք, եթե անհրաժեշտ լինի այս սահմանափակումները կշարունակվեն, եթե ոչ, կհանվեն: Գոռ Հակոբյանի դիտարկմամբ՝ Հայաստանը ստիպված է հետևել աշխարհի վարքագծին. «Այս պահի դրությամբ այլ արդյունավետ տարբերակ դեռ չեն մտածել: Այս խստացումները սահմանվել են, որպեսզի վարակի տարածումը երկրաչափական պրոգրեսիա չունենա»: Հայկ Այվազյանի դիտարկմամբ՝ այս համաճարակը ցույց տվեց մեր համակարգային բացերը. «Մենք պետք է ունենայինք համակարգ, որը պետք է պատրաստ լիներ այս իրավիճակին և պետք է ունենայինք պետական մարմին, որը հասարակությանը տեղեկացրածկ լիներ, թե նման իրավիճակում ինչ պետք է անել, և թե ինչու են անհրաժեշտ նման սահմանափակումները: Մարդիկ չպետք է հավաքվեն, որպեսզի կանխվի վարակի տարածումը: Բոլորի պատկերացմամբ՝ պատասխանատուն առողջապահության նախարարությունն է, բայց այդպես չէ, ունենք առանձին պետական մարմին, որը պատասխանատու է բնակչության համաճարակային անվտանգության համար, բայց ո՞ւր է այդ պաշտոնյան, ցավոք այդպես էլ չտեսանք»: «Խստությունները դեր չեն խաղա, եթե քաղաքացիները անհատական պատասխանատվություն չդրսևորեն»,- ընդգծեց Միքայել Զոլյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ պատասխանատու է: Գոռ Հակոբյանը հավելեց, որ եթե այս վիճակը մեկ ամսից ավելի տևի, օգնության կարիք կունենանք: Մանրամասն՝ տեսանյութում: