Դատական համակարգը չպետք է օգտագործվի որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու գործիք

Դատական համակարգը չպետք է օգտագործվի որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու գործիք

Մարտի 24-ին 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել էին Վերաքննիչ դատարան՝ խնդրելով անհապաղ նիստ հրավիրել՝ քննարկելու նրան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետների անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակելու հարցը։ Նրանք դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին և Բարձրագույն դատական խորհրդին՝ պնդելով, որ խախտվում են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները։ Քանի որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն ունի առողջական խնդիրներ, չէր ներկայացել վերջին դատական նիստերին, նրա փաստաբաններն օրեր առաջ դիմել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով այս միջնորդության հարցի քննությունը մակագրել այլ դատավորի, սակայն Արթուր Մկրտչյանը մերժել է նրանց դիմումը։ Մարտի 1-ին տուժողների ներկայացուցիչների փաստաբան, փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե արդյոք խախտվո՞ւմ են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները։ «Ես կարծում եմ, որ առկա չէ որևէ խախտում։ Եթե անգամ դատավորը հիվանդ է, գործի քննությունը կարող է երկարաձգվել, ապա չպետք է մոռանանք, որ ամիսներ շարունակ դատարանները քննում են միայն  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի դատական համակարգից պետք է շատ գոհ լինի, որ ամեն անգամ խիստ բարեխիղճ եղանակով այդ քննությունն իրականացվում է։ Եվ  դատական համակարգը չի կարող զբաղվել միայն Ռոբերտ Քոչարյանի՝ անվերջանալի թվացող խափանման միջոցի քննությամբ։ Եթե դատավորը հարգելի պատճառով չի ներկայանում դատական նիստերին, ապա Ռոբերտ Քոչարյանը կարող է սպասել մինչև խափանման միջոցի հարցը դառնա քննության առարկա։  Ցանկալի է, որ գործը լսի այն դատավորը, որովհետև նա գիտի միայն իր վարույթում քննվող գործում առկա հանգամանքները, և միայն նա կարող է առավել ճիշտ կողմնորոշվել։ Եթե խոսքը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին է, ապա պետք է զուգահեռ մեկնաբանվի, թե դա ինչու է անհրաժեշտություն։ Եվ գործը քննող դատավորը կարող է իմանալ, թե արդարադատությանը ինչ կարգի վնասներ կարող է հասցվել, վկաների վրա ինչ ներգործություն կարող է ունենալ, որ վկաներն են ավելի խոցելի, որ վկաների հետ ինչ հարաբերություններ ունի ամբաստանյալը։ Այս հարցերը շատ կարևոր են, որպեսզի խափանման միջոցի հարցը քննի հենց այն դատավորը, որը վարույթ է ընդունել գործը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կարծում են, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան խախտվում է, հարցի քննությունը շատ հրատապ է, ապա, չգիտես ինչու, հրատապ է թվում խափանման միջոցի հարցը, սակայն հրատապ չէ համարվում  տուժողների իրավունքներից ելնելով գործի քննությունը։ Եթե հղում են անում ՄԻԵԿ-ին, ապա Կոնվենցիան պետք է գործի նաև տուժողների դիրքորոշումից ելնելով, և դատական համակարգը չպետք է օգտագործվի որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու գործիք։ Վստահ եմ, որ այս պահի դրությամբ նրա խափանման միջոցը չի փոխվի, քանի որ դրա համար որևէ հիմք չկա»,- ասաց Սեդա Սաֆարյանը։