Չենք կարող մոռանալ տնտեսական հեղափոխության մասին, բայց իրականացման տեմպերը կարող են դանդաղել. Արտակ Մանուկյան

Երբ փորձ է արվում համեմատել այսօր առկա ճգնաժամը 2008-ի ֆինանսական ճգնաժամի հետ, նախ դրանք պատմությունը, մոտեցումները սկզբունքորեն տարբեր են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը: Նրա խոսքով, այս ճգնաժամը լինելով առողջապահական խնդիր, մեծ հաշվով, առաջացրել է պահանջարկի շոկեր. «Այսինքն բնակչությունը պահանջարկի մասով նվազեցումներ ունի, դա հանգեցրել է նաև առաջարկի շոկերի, այսինքն գործարանները չեն կարողանում իրենց արտադրական հզորություններն օգտագործել: Սա հանգեցրել է նաև շուկաների անկանխատեսելիության, արժեթղթերի շուկաների տատանողականության մեծացման, որի պատճառով էլ որոշակիորեն բանկային հատվածի վրա ազդեցություն եղել է: Քանի որ ֆինանսական ճգնաժամի ժամանակ բանկերը և մասնավորապես կենտրոնական բանկերը այս մասով իրենց դասերը քաղել են, դիմադրողականությամբ և իրենց կողմից առաջարկված գործիքակազմերով կարողացան իրականացնել դրամավարկային քաղաքականությամբ իրենց առջև դրված նպատակները, այսինքն ապահովեցին ֆինանսական կայունությունը»,-ասաց պատգամավորը: