Սոցալիական հարցերի նախարարության առաջնահերթ թիրախում խոցելի խմբերն են

Աշխատանքի և սոցալիական հարցերի նախարարության առաջնահերթ թիրախում խոցելի խմբերն են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը: Կառավարությունը հասցեական մոտեցում ցույց կտա արտակարգ դրության օրերին սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին և կոմունալ վճարումները չկատարելու դեպքում անջատումներ չեն լինի: Պարետատունը պայմանավորվածություն ունի նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ: Ի՞նչ չափորոշիչներով է կազմվելու ցուցակը: Անդրադառնալով այս հարցին՝ Գ. Գասպարյանը նշեց, որ արդեն իսկ առկա են ցուցակներ, որոնցում նպաստային համակարգում ընդգրկված անձինք են և «Փյունիկ» հաշմանդամություն ունեցող անձանց համակարգում ընգրկված անձինք, որոնք մեր չափորոշիչներով համարվում են անապահով կամ տեղաշարժի խնդիրներ ունեցող: Մենք օգտվելու ենք այդ ցուցակներից»: Հարցին, թե նոր ցուցակներ կլինե՞ն՝ հաշվի առնելով որ, օրինակ, օրավարձով աշխատող միայնակ մայրերը արտակարգ դրության պայմաններում զրկվել են եկամտից, փոխնախարարը պատասխանեց, որ սկսվել է ինֆորմացիայի հավաքագրման գործընթաց. «ՀՀ-ն նաև սոցիալական պետություն է և պետք է գտնվի իր քաղաքացու կողքին: Այս դեպքում պետք է ունենանք հասցեականություն, թիրախայնություն մեր օգնության մեջ և հասկանանք, թե ինչպես օժանդակել, որպեսզի դա լինի ավելի արդյունավետ»: Աշխատանքային օրենսգրքի կարգավորումներով գործատուն կարող է չվճարել աշխատողին՝ ֆորսմաժորային իրավիճակից ելնելով: Նախարարությունը նախաձեռնել է օրենքի փոփոխություն կատարել և այդ դրույթը չկատարել արտակարգ դրության ժամանակ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ նախագիծ է շրջանառվում կառավարությունում, և հնարավոր է այն վերամշակվի, կատարվեն փոփոխություններ՝ հաշվի առնելով կողմերի առաջարկները: Քննարկում կիրականացվի նաև ԱԺ-ում: Ցանկացած ճգնաժամ տնտեսական ծանր խնդիրներ է բերում, հատկապես ավելանում է սոցիալական բեռը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է հաղթահարել կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամը: Գեմաֆին Գասպարյանը տեղեկացրեց, որ մարզերում մարտի 16-ից սկսած ձևավորվել են պատասխանատուներ և օժանդակության խմբեր, «Կազմվել է ընթացակարգը և գործիքակազմը, որով շարժվելու ենք, կազմակերպչական իմաստով բոլոր խողովակները պատրաստ են, շատ  կազմակերպություններ և անհատներ աջակցության առաջարկներով են դիմել մեզ, արդեն հաշվեհամարին 499 միլիոն դրամ է հավաքագրվել: Ոչ թե միանման, այլ յուրաքանչյուր խմբի տարբեր աջակցություն է ցուցաբերվում: Մենք անհրաժեշտության դեպքում աջակցություն ենք ցուցաբերում նաև մեկուսացած կամ ինքնամեկուսացած մարդկանց՝ լուծելով նրանց սննդի և առաջին անհրաժեշտության միջոցների հարցը: Պրոցեսը ընթացքի մեջ է: Կարևորը՝ մեխանիզմը կա, կան ֆինանսներ և մենք հերթականությամբ, ըստ խոցելիության աստիճանի, աջակցություն ենք ցուցաբերում»: Մանրամասն՝ տեսանյութում: