2021 թվականին իմ նպատակները չեն փոխվի. Արթուր Ալեքսանյան

2021 թվականին իմ նպատակները չեն փոխվի. Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է Տոկիոյի խաղերի հետաձգմանը: «Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքով, սակայն բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն. անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ 2021 թ. իմ նպատակները չեն փոխվի, և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար»,­- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանյանը: Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգել: Դրանք կկայանան 2021թ. հուլիսին: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք պետք է մեկնարկեին 2020-ի հուլիսի 24-ին և եզրափակվեին օգոստոսի 9-ին: Խաղերը հետաձգվեցին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: