2020-ի Օլիմպիական խաղերը չեն կայանա․ Որ երկրներ են հրաժարվել մասնակցությունից․․․

2020-ի Օլիմպիական խաղերը չեն կայանա․ Որ երկրներ են հրաժարվել մասնակցությունից․․․

Մարտի 17-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, վստահեցնելով, որ Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերը հետաձգելու լուրջ պատճառներ չկան և որ խաղերը կանցնեն սահմանված ժամկետում։«Մինչև Տոկիոյի Օլիմպիական խաղերը դեռ չորս ամիս ժամանակ կա, և այս շրջանում կտրուկ որոշումներ ընդունելու կարիք չկա։ Այժմ մարզիկները մեծ խնդիրների են բախվում վարկանիշային մրցումներին մասնակցելու համար։ Որոշ երկրներում մարզիկները չեն կարողանում կանոնավոր մարզվել։ Այսօրվա դրությամբ մարզիկների 57 տոկոսն արդեն իրավունք է նվաճել մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Մնացած 43 տոկոսի համար ՄՕԿ-ը և միջազգային ֆեդերացիաներն անհրաժեշտ փոփոխություններ կկատարեն վարկանիշային համակարգում»,- ասված էր ՄՕԿ-ի հայտարարությանում։ Սա իրական խառնաշփոթ առաջացրեց համաշխարհային սպորտում։ ՄՕԿ-ն ըստ էության ձեռնոց էր նետել ողջ աշխարհում ահագնացող կորանավիրուսին մարզաշխարհին հորդորում էր չընկրկել վտանգի առաջ։ Եվ ահա ՄՕԿ-ի հայտարարությանը կարճ ժամանակում արձագանքեցին բազմաթիվ երկրների ազգային օլիմպիական կոմիտեները։ Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին չմասնակցելու պաշտոնական հայտարարությամբ այս պահի դրությամբ հանդես են եկել 20 երկրներ։ Դրանք են Կանադան, Ավստրալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան, Սլովենիան, Սերբիան, Խորվաթիան Նորվեգիան, ԱՄՆ-ը, Իսպանիան, Գերմանիան, Իռլանդիան, Ավստրիան, Շվեյցարիան, Լեհաստանը, Դանիան, Հոլանդիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Նոր Զելանդիան։ Օլիմպիական խաղերին չմասնակցելու մասին հայտարարել են նաև թեթև ատլետիկայի և մարմնամարզության միջազգային ֆեդերացիաները։ Արդեն իսկ վստահաբար կարող ենք ասել, որ 2020 թվականին ամառային օլիմպիական խաղերը չեն կայանա։ Կասկածից վեր է, որ խաղերից հրաժարված պետությունների թիվը առաջիկա օրերին կբազմապատկվի, ինչը վերջնականապես վերջը կդնի կայանալ չկայանալու վերաբերյալ քննարկումներին։ Միջազգային օլիմպիական կոմիտեն Տոկիոյի oլիմպիական խաղերի հնարավոր հետաձգման մասին վերջնական որոշում կկայացնի առաջիկա 4 շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնում է խաղերի կազմկոմիտեն: ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ կառույցը պատրաստվում է քննարկել հնարավոր հետաձգման որոշումը ճապոնական կողմի հետ, և վերջնական որոշման համար պետք կլինի 4 շաբաթ: Ճապոնիան իր հերթին կարող է միայն մեկ տարով հետաձգել Օլիմպիական խաղերը, գրում է Sankei-ն: Ըստ պարբերականի, կազմակերպիչները միայն մեկ տարով կարող են հետաձգել խաղերը, քանզի 2022 թվականին պետք է կայանան ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում: Առաջիկա օրերին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց կունենա ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ, և շատ բան կախված է հենց այդ զրույցից: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն ամռանը նախատեսված Եվրո-2020-ը հետաձգել էր հենց մեկ տարով։ «Մենք ղեկավարում ենք այն մարզաձևը, որով շնչում և ապրում են մեծ թվով մարդիկ, և որը հարձակման է ենթարկվել անտեսանելի հակառակորդի կողմից։ Նման իրավիճակում ամբողջ ֆուտբոլային աշխարհը պետք է միավորվի։ Երկրպագուների, ֆուտբոլիստների և մնացած աշխատակիցների առողջությունն առաջնահերթ է մեզ համար։ ՈՒԵՖԱ-ն ակումբային մրցաշարերն ավարտելու մի քանի տարբերակ է առաջարկել։ Հպարտ եմ, թե ինչպես արձագանքեցին իմ եվրոպացի գործընկերները։ Եվրոպայի առաջնության հետաձգումը մեծ վնաս կհասցնի ՈՒԵՖԱ-ին, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր գործընկեր երկրների ֆեդերացիաները չտուժեն։ Նպատակը կարևոր է շահույթից։ Նման որոշում ենք ընդունել հանուն եվրոպական ֆուտբոլի»,- հայտարարել էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Ի տարբերություն օլիմպիական խաղերի Եվրոպայի առաջնության կազմը 90 տոկոսով պատրաստ էր։ Անցումային խաղերով այս ամիս հայտնի պետք է դառնային նաև վերջին 4 մասնակից հավաքականները։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ կկայանա 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Բաքվում: Ավելի վաղ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով դադարեցվել էին Չեմպիոնների լիգան ու Եվրոպայի լիգան, Եվրոպայի 5 առաջատար առաջնությունները (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) և մի շարք այլ լիգաներ, այդ թվում՝ Հայաստանի Բարձրագույն խումբը: Երեկ որոշում է կայացվել մեկ տարով հետաձգել նաև Կոպա Ամերիկան։ Ինչևէ Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր՝ 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում, և 1944 թվականին՝ Լոնդոնում: Մինչ այս ամենաշատ Օլիմպիական խաղեր հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):