Աշխարհի ամենաուժեղ մարդիկ Վրաստանից և Հայաստանից․ համաշխարհային սպորտի գիգանտները

Աշխարհի ամենաուժեղ մարդիկ Վրաստանից և Հայաստանից․ համաշխարհային սպորտի գիգանտները

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ IWF-ի` քվեարկության արդյունքներով` «Տարվա լավագույն ծանրորդ» անվանակարգում Սիմոն Մարտիրոսյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ 2019 թվականի լավագույն ծանրորդն է ճանաչվել աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն վրացի Լաշա Տալախաձեն։ Բացի Մարտիրոսյանից և Տալախաձեից մրցույթին մասնակցել են նաև հյուսիսկորեացի 56-քաշային Օմ Յուն Չհոլը, 73 քաշային չինացի Շի Չժիյունը, Չինաստանի ևս մեկ ներկայացուցիչ 81 քաշային Լյու Սյացյունը։ Ինչևէ, անցյալ տարի Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակվելով մեր երկրի համար պատմական արդյունք գրանցեց: Ի դեմս Սիմոն Մարտիրոսյանի անցյալ տարի Հայաստանն ունեցավ աշխարհի կրկնակի չեմպիոն առաջին ծանրորդը: Թաիլանդում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Մարտիրոսյանը պոկում վարժությանը բարձրացրել էր 190 կգ, այնուհետև 195 կգ: Երրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը գլխավերևում պահել էր 199 կգ և, սահմանելով աշխարհի ռեկորդ, նվաճել էր փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսել էր, երբ մյուս ծանրորդները կատարել էին իրենց բոլոր մոտեցումները: Նա բարձրացրել էր 230 կգ: Երկամարտում մեր մարզիկը գրանցեց 429 կգ արդյունք: Վստահաբար կարող ենք ասել, որ այս պահին 109 քաշային կարգում Մարտիրոսյանը մրցակցությունից դուրս է և հաստատուն քայլերով գնում է դեպի Օլիմպիական խաղերի ոսկին: Նշենք, որ 109 քաշային կարգը օլիմպիական է: Այս քաշային կարգում գրանցված բոլոր 3 ռեկորդների հեղինակը Մարտիրոսյանն է: Առաջին անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը Մարտիրոսյանը նվաճել էր 2018 թվականի նոյեմբերին՝ Աշխաբադում: Մեր ծանրորդը, ցուցադրելով ֆանտաստիկ ելույթ, հրում վարժությունում և երկամարտում գրանցել էր համաշխարհային ռեկորդ: Հրում ձևում նա բարձրացրել էր 240 կգ: Մարտիրոսյանը աշխարհի ռեկորդ էր գրանցել նաև պոկում ձևում, սակայն մրցավարները նրա բարձրացրած 197 կգ-ը, չգիտես ինչու, չէին հաշվել: Նշենք, որ մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչներին 8 տարի չէր հաջողվել նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Այս քաշային կարգում երկամարտի նախկին ռեկորդը 424 կգ էր, ու փաստորեն Մարտիրոսյանը համաշխարհային ռեկորդը գերազանցել էր 11 կգ-ով, ինչը կարելի է բացառիկ արդյունք համարել: Հրում ձևում էլ նախկին ռեկորդը 237 կգ էր: Հատկանշական է, որ Աշխաբադում Մարտիրոսյանը 240 կգ-ը վստահ էր բարձրացրել, և ակնհայտ էր, որ հայ ծանրորդը կարող էր մի քանի կգ-ով ավելի ծանր ծանրաձող հրել: Վստահ ենք, որ մինչև այս տարվա ամռանը ճիշտ աշխատանք տանելու դեպքում Սիմոն Մարտիրոսյանը կկարողանա գրանցել ոչ միայն աշխարհի, այլև Օլիմպիական խաղերի նոր ռեկորդներ: Վերջին 20 տարիներին ունեցել ենք ուժեղ ծանրորդներ, բայց Մարտիրոսյանի հաջողություններն իսկապես փառահեղ են: Տալախաձեն 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, աշխարհի և Եվրոպայի քառակի չեմպիոն։ Նրան են պատկանում համաշխարհային վերջին երեք ռեկորդները։ Պետք է խոստովանենք, որ Ծանրամարտի ֆեդերացիայի անցկացրած քվեարկության արդյունքները միանգամայն օբյեկիվ են։ Տալախաձեն համաշխարհային ծանրամարտի պատմության մեջ արդեն ասել է իր խոսքը և նա կենդանի լեգենդ է։ Մարտիրոսյանն ընդամենը 22 տարեկան է և ունի բոլոր հնարավորությունները հավասարվելու և շրջանցելու վրացի ծանրորդին։ Աշխարհի ամենաուժեղ մարդը համարվում է ծանրամարտում գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնը։ Այսօր արձանագրում ենք, որ գերծանր և ծանր քաշային կարգերում աշխարհի անփոփոխ չեմպիոնները Վրաստանից և Հայաստանից է։ Մենք իսկապես կարող ենք հպարտանալ, որ ունենք Մարտիրոսյանի պես մարզիկ, որը համաշխարհային սպորտում ունի մեծ հեղինակություն։