Թուրքիայում արդարացրել են ահաբեկչության մեջ մեղադրվող գրող Ասլի Էրդողանին և նրա գործընկերներին

Թուրքիայում արդարացրել են ահաբեկչության մեջ մեղադրվող գրող Ասլի Էրդողանին և նրա գործընկերներին

Թուրք գրող Ասլի Էրդողանը եւ նրա երկու գրչակիցները Ստամբուլի դատարանի կողմից արդարացվել են ահաբեկչական կազմակերպությանը ահաբեկչության քարոզչությանը մասնակցության մեղադրանքով: Այդ մասին հայտնել է Habersol նորությունների պորտալը: «Ասլի Էրդողանի, Նեջմիե Ալփայի եւ Բիլգե Այքութի նկատմամբ փետրվարի 14-ին հանվել են մեղադրանքները այն հոդվածներով, որոնց թվում են «մասնակցությունը ահաբեկչական կազմակերպությանը» եւ «ահաբեկչության քարոզչությունը»,-հաղորդում է պորտալը՝ վկայակոչելով դատարանի որոշումը: Ավելի վաղ գրողների նկատմամբ հանվել էին երկրի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողությունների մեղադրանքները ապացույցների բացակայության կապակցությամբ, սակայն ուժի մեջ էր մնացել ահաբեկչական կազմակերպությանը մասնակցության մեղադրանքը: Դատախազությունը պահանջում էր մեղադրյալներին դատապարտել 6,5-ից մինչեւ 17,5 տարվա բանտարկության: 2016 թվականի դեկտեմբերին Ասլի Էրդողանը, Նեջմիե Ալփայը ազատվել էին կալանքից, ինչից հետո Էրդողանը մեկնել էր Գերմանիա, որտեղ նա այժմ ապրում է: Երկու գրողներն էլ ձերբակալվել էին 2016 թվականի օգոստոսին քրդամետ հրատարակություններում հոդվածների հրապարակումից հետո, որոնցում նրանք մեղադրվում էին Թուրքիայում արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» քարոզչության մեջ: Նրանց կալանավորումը հասարակայնության բողոքներ առաջացրեց մի շարք եվրոպական երկրներում: Ասլի Էրդողանը հայտնի է Թուրքիայի սահմաններից դուրս, նրա վեպերը թարգմանված են եվրոպական լեզուներով եւ քանիցս արժանացել են միջազգային գրական մրցանակների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: