Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի վերաբերյալ տվյալների մասին հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Փետրվարի 14-ին Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ եթերի ժամանակ պարզաբանեց իր մասին մամուլում տարածված լուրերը և նշեց, որ ինքը դատապարտվել է ազատազրկման՝ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցության պատճառով: Նա շեշտել էր, որ ինքը մեղքը չի ընդունել և համաներմամբ ազատ է արձակվել, ինչով էլ դատվածությունը մարված է համարվել: «Ես ծառայել եմ ոչ հայկական բանակում: Այն ամենի մեջ, ինչ ներկայացվել է, կա որոշակի ճշմարտություն, կա նաև որոշակի թյուր մատուցման ձև։ Խոսքը վերաբերում է 2004-2006թթ. իմ ծառայության ընթացին: Ծառայության ընթացքում աչքի եմ ընկել որպես լավ զինվոր, եղել եմ սահմանապահների գերազանցիկ, սակայն եղել է մի դեպք, երբ իմ ազգային արժանապատվությանը վնասող հարված է հասցվել, ու ես հայտնվել եմ մի միջադեպում: Գրում են ինչ-որ ծակող-կտրող սուր գործիքների մասին, դա իրականությանը չի համապատասխանում, ես որևէ նման արարք չեմ արել: Իմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է, նաև որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել, ու դրանով համարվել է մարված իմ դատվածությունը: Դա մոտավորապես եղել է 13-14 տարի առաջ»,- ասել էր Պապիկյանը: Սուրեն Պապիկյանը ուղիղ եթերից դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն՝ պարզելու, թե ում ձեռքով ու ինչ կերպ է իր անձնական կյանքի գաղտնի տեղեկությունը դարձել իր անունը մրոտելու առիթ։