Սա մեր անվտանգության խնդիրն է. իշխանությունների համար բարդ է լինելու

Խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի», սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի ճամբար չի ձևավորելու, ՀՀԿ-ն նույնպես չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին, իսկ ՀՅԴ-ն բոյկոտելու կոչ է անում: Փաստորեն, ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի համատեքստում ձևավորվում է «ՈՉ»-ի, այսպես ասած, ոչ քաղաքական ճակատ: Հայտարարվել է իրավապաշտպանների մասնակցությամբ «ՈՉ»-ի ճամբար ստեղծելու մասին: Կասկած չկա, որ դրա ներքո նախկին համակարգն է՝ իր քաղաքական և իրավական շահերով ու հետաքրքրություններով: Քաղաքական ուժերը, որոնք դիրքավորվում են հանրաքվեին դեմ, խոսում են դրա դեմ և արդեն իսկ սկսել են ակտիվ քարոզչություն, այդուհանդերձ նրանցից որևէ մեկը չի շտապում պատասխանատվություն ստանձնել հնարավոր արդյունքի համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը և քաղաքագետ Արմեն Վարդանյանը: ՀՀԿ-ն կործանիչ է բնորոշել սահմանադրական հանրաքվեն՝ հայտարարելով, որ չի մասնակցի դրա քարոզչությանը: Մի շարք այլ քաղաքական և փորձագիտական շրջանակներ, որոնք կապված են նախկին իշխող համակարգի հետ, դարձյալ հանրաքվեին կոշտ բնութագրում են տալիս, որպես աղետալի երևույթ: Ենթադրվում է, որ որևէ բան կործանիչ և աղետալի գնահատելու պարագայում պետք է հնչի դրա դեմ միասնական պայքարի կոչը, համախմբման, միասնական ճակատի ձևավորման կոչը: Անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե ինչու չի հնչում այդ կոչը՝ Վահագն Հովակիմյանը նշեց. «Նախ՝ թեև բնութագրում են որպես աղետ և սահմանադրական կարգի տապալում, սակայն խոսքը հանրաքվեի, այսինքն՝ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի ուղղակի կիրարկման մասին է խոսքը: «Աղետի» մասին կանխագուշակողները թող ետ նայեն և հիշեն, թե ինչպես են իրենք վերաբերվել իրական աղետին, որը Հայաստանին պատել էր ավելի քան երկու տասնամյակ… Երբ Սահմանադրությունը ոտնատակ էր տրվում, նրանք լռում էին, ավելին՝ նրանցից շատերը զբաղված էին այդ ամենը քողարկելով»: «Այս գործընթացը աղետ համարողների համար միշտ աղետ է եղել ժողովրդի կամքը և իրենց գործունեության ընթացքում նրանց նպատակը այդ կամքը ոչնչացնելն է եղել»,- ընդգծեց պատգամավորը: «Այս մարդիկ նորմալ էին համարում այն, որ Ռոբիկը սպանում էր մարդկանց, դա համարում էին նրա գործառույթը: Ի՞նչ ասես այն մարդկանց մասին, որոնք ասում են՝ մածունը սև է»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը: Ինչո՞ւ այն քաղաքական շրջանակները, ովքեր դեմ են հանրաքվեի գործընթացին, պատրաստ չեն ստանձնելու պարտությունը: Անդրադառնալով այս հարցին՝ Արմեն Վարդանյանը նշեց, որ ընդդիմադիր դաշտը բազմավեկտոր է, և ակնկալել, որ միասնական ճակատով կգործի ընդդիմությունը, միամտություն կլինի: «Այն կուսակցությունները, որոնք վարկանիշի տեսանկյունից կորցնելու բան ունեն, նրանց համար բարդ է մտնել այս խաղի մեջ և ստանձնել «Ոչ»-ի պարտավորությունը: Նրանք չեն ուզում բացահայտ առճակատաման մեջ մտնել իշխանությունների հետ, որպեսզի չթիարխավորվեն, բայց «տակից» աշխատելու են «Ոչ»-ի համար: Դրանից իշխանության գործը ավելի է բարդանալու»: Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ ՍԴ ճգնաժամի հարցը մեր անվտանգության խնդիրն է և օր առաջ հանգուցալուծում է պահանջում: Մանրամասն՝ տեսանյութում: