New York Times-ին հայտնի է դարձել Իրանի և ԱՄԷ-ի գաղտնի բանակցությունների մասին

New York Times-ին հայտնի է դարձել Իրանի և ԱՄԷ-ի գաղտնի բանակցությունների մասին

2019 թվականի սեպտեմբերի վերջին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Իրանի ներկայացուցիչներն Աբու Դաբիում գաղտնի բանակցություներ են վարել, որոնց նպատակը եղել է տարածաշրջանի իրադրության կայունացումը: Այդ մասին գրել է ամերիկյան The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների իշխանությունների՝ անունները չհայտնած ներկայացուցիչների՝ տեղեկացնում է Interfax-ը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ իրադարձությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության իննամսյա աճի թեժ պահին, որը սկսվել է Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցների սաստկացումից և «հասել գագաթնակետին, երբ երկու երկրներն ուղղակի ռազմական առճակատման են գնացել էլ ավելի ընդգրկուն և արյունալի բախման շեմին»: Իր հերթին, նշում է NYT-ն, ԱՄԷ-ն գաղտնի բանակցություններ է սկսել Իրանի հետ, երբ Աբու Դաբին որոշել է, որ կարող է բացառիկ դեր խաղալ տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում: Ըստ որում իրանական կողմի հետ անմիջական բանակցությունները դարձել են Էմիրությունների ավելի լայն տարածաշրջանային ռազմավարության բաղկացուցիչ մասը: The New York Times-ի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան նույնպես փորձել է «դիվանագիտական բեկման» հասնել Թեհրանի հետ հարաբերություններում՝ ապավինելով Իրաքից և Պակիստանից միջնորդների օգնությանը: «Մի քանի իրանցի դիվանագետների և Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի անդամների տեղեկատվության համաձայն՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանին կուլիսային դեր է խաղացել երկու միապետություններում (Սաուդյան Արաբիա և ԱՄԷ) բանակցությունների կարգավորման հարցում: Ասպիսով, եզրակացնում է հրատարակությունը, «հակաիրանական դաշինքը, որը փորձում էր կազմել Թրամփի վարչակազմը, սկսել է երերալ»։