Ինչու հեռացվեց Աբրահամ Խաշմանյանը. ՀՖՖ-ն՝ խիստ պատասխանատու որոշմանն ընդառաջ

Ինչու հեռացվեց Աբրահամ Խաշմանյանը. ՀՖՖ-ն՝ խիստ պատասխանատու որոշմանն ընդառաջ

Աբրահամ Խաշմանյանի՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը ոմանք համարում են միանգամայն սխալ որոշում՝ նշելով, որ մեր հավաքականը վերջնականապես հայտնվելու է անդունդում։ Մասնավորապես, հայկական ֆուտբոլի տարբեր «գիտակներ» այն կարծիքին են, որ Խաշմանյանին պետք է հնարավորություն տրվեր, և որ Իտալիայից կրած 9։1 պարտությունը սաբոտաժի հետևանք էր։ Ամենայն հարգանքով վերաբերվելով պարոն Խաշմանյանին՝ այնուամենայնիվ հարկ ենք համարում փաստել, որ Հայաստանի ազգային հավաքականը անդունդում հայտնվել է նրա իսկ գլխավորությամբ։ 9։1 հաշվով Հայաստանը երբեք չէր պարտվել։ Անկախ նրանից, թե որոնք են եղել տապալման պատճառները, գլխավոր մարզիչը պետք է հեռանար։ Միանգամայն անընդունելի կլիներ, եթե ՀՖՖ ղեկավարությունը շարունակեր աշխատել Խաշմանյանի հետ։ Վստահ ենք, որ այդ դեպքում ֆուտբոլասերների շրջանում բողոքի լայն ալիք կբարձրանար։ Չմոռանանք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար մի քանի ֆուտբոլիստներ բավական կոպիտ հայտարարություններ էին հնչեցրել Խաշմանյանի աշխատանքի մասին։ Ինչ խոսք, սա ևս անընդունելի դրսևորում էր, բայց այն, որ ազգային հավաքականի գլխավոր մարզչին չհեռացնելը կարող էր հանգեցնել կոլապսային իրավիճակի նաև թիմի ներսում, կարծում ենք՝ պարզ է։ Այսօր որոշ մարդիկ պատեհ առիթը փորձում են օգտագործել ՀՖՖ-ի ուղղությամբ ցեխ շպրտելու համար։ Չենք կասկածում, որ Խաշմանյանի հեռացման համար մտահոգ մեր հայրենակիցները ներքուստ գիտեն, որ այս մասնագետը օբյեկտիվորեն չէր կարող շարունակել աշխատանքը Հայաստանի գլխավոր թիմում, բայց… Իրականում ՀՖՖ-ն կայացրել է միանգամայն ճիշտ որոշում, որն ուղղակի այլընտրանք չուներ։ Ինչևէ, ներկայում ՀՖՖ-ն գտնվում է խիստ պատասխանատու մի փուլում, որտեղ սխալ թույլ տալ ուղղակի չի կարելի։ Ո՞վ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։ Վստահաբար կարող ենք ասել, որ մեր գլխավոր թիմի նոր գլխավոր մարզիչը տեղացի չի լինի։ Օբյեկտիվորեն հայաստանցի մասնագետների շարքում չկա այն ֆիգուրը, ում հետ հնարավոր կլինի հույսեր կապել։ Վերջին օրերին մամուլում որպես հավանական թեկնածուներ հնչել են իսպանացի մասնագետ Այտոր Կարանկայի և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ՝ արգենտինացի Սանտյագո Սոլարիի անունները։ Այս պահին պատեհ չհամարելով խոսել այս մարզիչների որակների կամ արդյունքների մասին՝ այնուամենայնիվ պետք է ընդունենք, որ խոսքը միանգամայն բարձր մակարդակի մասնագետների մասին է։ Մեր տեղեկություններով՝ ՀՖՖ ղեկավարությունը այժմ բանակցում է մի շարք բարձրակարգ մասնագետների, այդ թվում նաև՝ Կարանկայի և Սոլարիի հետ։ Ամենայն հավանականությամբ Հայաստանի ազգային հավաքականը կունենա իսպանացի կամ իսպանական ֆուտբոլային մոդելը դավանող մասնագետ։ Կրկին պետք է անդրադառնանք կարևոր մի գործոնի։ Անցյալ տարվա հունվարին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն էր նշանակվել իսպանացի հայտնի մասնագետ Խինես Մելենդեսը: Վերջինիս գործառույթի հիմքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, ինչպես նաև բոլոր հավաքական թիմերի համակարգումը: Մելենդեսին նշանակելով ՀՖՖ տեխնիկական տնօրեն՝ հայկական ֆուտբոլային գերատեսչությունն ըստ էության պատասխանատու որոշում կայացրեց մարզաձևի զարգացման իսպանական մոդելն ընտրելու վերաբերյալ: Մինչև 17 տարեկանների Հայաստանի հավաքականն այսօր գլխավորում է իսպանացի Ռուբեն Լեսկանոն, իսկ երիտասարդական հավաքականը՝ մեկ այլ իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆլորեսը: Այսինքն՝ երիտասարդ և պատանի ֆուտբոլիստների հետ այսօր աշխատանք է տարվում հստակ ծրագրով, որը մշակել է Մելենդեսը։ Արմեն Գյուլբուդաղյանցը ազգային թիմի ղեկին հայտնվել էր անցյալ տարվա հոկտեմբերին՝ մինչև Մելենդեսի Հայաստան գալը: ՀՖՖ-ն չգնաց կտրուկ քայլի, և չնայած Ազգերի լիգայի խաղարկությունում մեր հավաքականի ձախողմանը՝ Գյուլբուդաղյանցը պաշտոնանկ չարվեց: Ընդունենք, որ եթե ընտրել էինք իսպանական մոդելը, ապա այնքան էլ տրամաբանական չէր երկրի գլխավոր թիմը տեղացի մասնագետին վստահելը։ Կարծում ենք՝ շատ ավելի պատեհ կլիներ, եթե Գյուլբուդաղյանցը անցյալ տարվա գարնանը ընդգրկվեր ազգային թիմի մարզչական շտաբում, իսկ գլխավոր մարզիչը կամ ժամանակակից ֆուտբոլում թիմի մենեջեր կոչվածը նշանակվեր Մելենդեսի կողմից: Այս պարագայում մոդել կոչվածը շատ ավելի ամբողջական և հեռանկարային տեսք կունենար: Այս տարբերակը հիմա էլ ակտուալ կարելի է համարել։ Ստեղծված իրավիճակում, կարծում ենք, որոշակիորեն անհասկանալի կլինի, եթե Հայաստանի ազգային հավաքականը գլխավորի, ասենք, իտալացի կամ գերմանացի մասնագետ: Իտալացի մարզիչը դժվար թե համաձայնի աշխատել մի միջավայրում, որտեղ գործի է դրված ֆուտբոլի զարգացման իսպանական ծրագիրը: Ցանկացած բարձրակարգ մասնագետ կպնդի, որ դուստր հավաքականները աշխատեն իր նախընտրած ծրագրով: Գաղտնիք չէ, որ երիտասարդական և պատանեկան հավաքականները ազգային թիմի գլխավոր ռեզերվն են: Անհասկանալի կլինի նաև, եթե ազգային հավաքականի ղեկը կրկին վստահվի տեղացի մասնագետի: Խնդրի ամենաօպտիմալ լուծումը թերևս գլխավոր մարզչի ընտրությունը Խինես Մելենդեսին վստահելն է: Տրամաբանական է, որ նա կնախընտրի իսպանացի մասնագետի, ում ճանաչում և վստահում է: Եթե ընտրել ենք մի ճանապարհ, ապա դրանից շեղվելը բոլորովին ճիշտ չի լինի: Եթե ընտրել ենք իսպանական մոդել, ապա այն պետք է լինի ամբողջական և աշխատի՝ ինչպես մեխանիզմը: Բոլորովին այլ հարց է՝ ընտրված մոդելը ճի՞շտ է, թե՞ սխալ: Այսօր, սակայն, այս հարցն այնքան էլ կարևոր չէ, քանզի հայկական ֆուտբոլը 20 տարի շարունակ առաջ չի շարժվել հստակ ծրագրով, և թերևս առաջին անգամ է ընտրվել զարգացման մոդել: Արդյունքը կարող ենք տեսնել միայն տարիներ անց, իսկ հիմա մեր միակ խնդիրը հնարավորինս արագ առաջ շարժվելն է: Կրկին սխալվելու իրավունք մենք պարզապես չունենք: Առջևում 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլն է, որտեղ մրցակցությունը շատ ավելի դժվար է լինելու, քան ընթացիկ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Դեռ ժամանակ ունենք հերթական կարևոր մրցաշարին պատշաճ կերպով նախապատրաստվելու: Սա այն դեպքն է, երբ «հրամանատարի» ընտրության պատասխանատու հարցում կոմպետենտ մասնագետ պաշտոնյային վստահելն ուղղակի այլընտրանք չունի: Էքսպերիմենտների հետևանքով այսօր ունենք բավական տխուր պատկեր: Հուսանք, որ նախկինում թույլ տված սխալներն այլևս չեն կրկնվի: