ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները ստացան սպասված մրցանակները

Հայաստանի գրողների միությունը փետրվարի 14-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում  մրցանակներ հանձնեց ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին:
«Մենք տարբեր մրցանակաբաշխություններ ունենք, բայց ամենահարգիներից է  մեծանուն գրողների անվան անվանակարգերով մրցանակաբաշխությունը: Անվանակարգերն են` «Պոեզիա», «Արձակ», «Հրապարակախոսություն», «Գրականագիտություն», «Մանկական գրականություն»  և այլն: Մրցանակակիրներին ընտրել է միության նախագահությունը»,  նշեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և հավելեց, որ մրցանակաբաշխությունները կարող են ուղղորդիչ բնույթ ունենալ ընթերցողների համար: «Պոեզիա» անվանակարգում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ ստացավ Գագիկ  Սարոյանը՝ «Բացիկներ» գրքի համար, «Դրամատուրգիա» անվանակարգում Լևոն Շանթի  անվան մրցանակին արժանացավ Էլֆիք Զոհրաբյանը՝ «Թեթև տարեք» գրքի համար, «Հրապարակագրություն» անվանակարգում Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը «Վերջին երանին» գրքի համար հանձնվեց Նանեին: «Գրականագիտություն, գրաքննադատություն» անվանակարգում Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը տրվեց Ֆելիքս Բախչինյանին՝ «Խավարին չհավատալու, խավարին չտրվելու պոեզիան» գրքի համար, իսկ «Մանկական գրականություն» անվանակարգում Վախթանգ Անանյանի  անվան մրցանակակիր ճանաչվեց Հակոբ Մուշը՝«Հեքիաթներ թղթե ինքնաթիռից» գրքի համար: Գրական վաստակի համար Հովհաննես Թումանյանի  անվան մրցանակին արժանացան Ավիկ Իսահակյանը և Սուսաննա Հովհաննիսյանը՝ համապատասխանաբար «Վերնատան» զավակները» և «Հովհաննես Թումանյան» գրքերի համար: «Թարգմանական գրականություն» անվանակարգում Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակը հանձնվեց Շանթ Մկրտչյանին՝ Ֆեռնանդո Պեսսոայի «Քնարերգություն» գրքի թարգմանության համար: Շանթ Մկրտչյանն ասաց, որ գրողի, թարգմանչի համար հաճելի է, երբ իր աշխատանքն արժևորվում է. մրցանակը ոգևորում է: Անդրադառնալով Ֆեռնանդո Պեսսոայի «Քնարերգություն» գրքի թարգմանությանը՝ նա շեշտեց, որ այն կատարել է Սյուզի Խաչիկյանի հետ: