Սա սերժիկների ու ռոբիկների անցկացրած հանրաքվեների նման չի լինելու․ Մարդիկ, ովքեր ծաղրում են հանրաքվեն, դիտավորություն ունեն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանը ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համարում է ծայրահեղ միջոց, որին գնաց խորհրդարանը: «Կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի հարցի լուծումը կարող էր լինել գոնե մեկ տարի առաջ՝ պետության զավթմանը քաղաքական գնահատական տալու համատեքստում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա: Մեր զրուցակցի խոսքով՝ Ազգային ժողովը քնեց-մնաց, մինչև հասկացավ, որ դանակը հասել է ոսկորին, և Սահմանադրական դատարանի այդ 7-հոգանոց խումբը դառնում է առաջընթացի ու հեղափոխության դեմ մարտնչողների, ռևանշիստների, ռեստավրատորների վերջին ամրոցը. «Ճիշտ է, այս ընթացքում փորձեցին ինչ-որ թղթեր գրել, որոնք անտեսվեցին, հետո վաղաժամկետ թոշակի անցնելու հնարավորության մասին օրենք ընդունեցին, դա էլ կարծես չի աշխատում, և հետաքրքիր շախ է ստացվել՝ եթե ՍԴ անդամները ընդունեն այդ առաջարկը, կստացվի, որ իրենք, վախենալով ստանալ ժողովրդի կողմից տուն ուղարկվելու որոշում,  որոշեցին օգտվել պետական բյուջեից և այդ բարի կամքից, եթե չընդունեն՝ կարող են զրկված մնալ և՛ դրանից, և՛ պաշտոններից»: Լևոն Բարսեղյանը կարծում է, որ Ազգային ժողովը պետք է քաղաքական գնահատական տար. «Օրենսդիր մարմնի բերանով լուրջ, ծավալուն վերլուծական փաստաթղթի միջոցով պետք է ապացուցվեր (ինչը դժվար չէր անել), որ Սահմանադրական դատարանը չի ծառայել Հայաստանի Հանրապետության շահերին, այլ ծառայել է Բաղրամյան-26-ի շահերին. ընդդիմությունների արդար բողոքները երբեք արդար չեն լուծվել այնտեղ, ինչ-որ ջրալի որոշումներ են կայացրել, առաջարկել են վստահության հանրաքվե անցկացնել, Քոչարյան Ռոբերտն էլ 2004-ին ասել է՝ առը ձեզ վստահության հանրաքվե»: Մեր զրուցակիցը ընդգծեց. «Մի բան է ռոբիկների, սերժիկների արած հանրաքվեները, երբ մարդկանց հազիվ մեկ ամսվա քարոզչության հնարավորություն է տրվել, արհեստականորեն խթանվել է իշխանության կամեցած լուծումը, այլ բան է, երբ իսկապես թողնվում է հանրության կամքին: Մարդիկ, որոնք ծաղրանքով են վերաբերվում հանրային կամքին՝ հանրաքվեի գործիքին, հատուկ դիտավորություն ունեն թերագնահատելու ժողովրդաիշխանության բնույթը»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: