Ռուսական «ռուլետկա»՝ Սիրիայում. ռուս-թուրքական մերձեցում, թե բախում, ինչն է մեզ համար ավելի վտանգավոր

Սիրիական Իդլիբում արդեն տևական ժամանակ շարունակվում է ռուս-թուրքական ռազմական բախումը, ինչի հետևանքով կողմերը զոհեր ունեն: Միևնույն ժամանակ Սիրիայի բանակը փորձում է վերահսկողություն հաստատել Իդլիբի շրջանի նկատմամբ:  Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի և թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ: Հարցին՝ ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, արդյոք ականատես կլինե՞նք ռուս-թուրքական էլ ավելի ուժգին բախման, թե՞ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին այնուամենայնիվ կհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել, Արմեն Պետրոսյանը պատասխանեց. «Հարցին պատասխանելու համար խնդիրը պետք է դիտարկել երկու տեսանկյունից. արդյոք այս գործողությունները պայմանավորվա՞ծ են, ինչպես Թուրքիայի գործողությունները՝ Սիրիայի հյուսիս-արևելքում, թե՞ այսուհանդերձ չկա գործողությունների հստակ փոխհամաձայնություն: Եթե տեղի ունեցողը թատերականացում է, դրան որոշ ժամանակ ականատես կլինենք, իսկ եթե ոչ, բավական խնդրահարույց իրավիճակ է ստեղծվելու: Ականատես կլինենք ոչ թե Թուրքիա-Սիրիա ուղղակի հարաբերությունների լարման և բախումների, այլ նաև  Թուրքիա-Իրան, Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների սրման»: Անդրանիկ Իսպիրյանը  կարծում է, որ այս ամենը վկայում է այն մասին, որ ռուս-թուրքական հարաբերությունները երբեք չեն կարող լինել դաշնակցային: «Թուրքիան Սիրիայում կարծես խաղում է ռուսական «ռուլետկա»... Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այս լարվածության ֆոնին Էրդողանը կոշտ հայտարարություններ անում՝ էլ ավելի սրելով իրավիճակը: Վերջին տարիների պատմությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի իշխող կուսակցության վարկանիշը նվազում է... Իսկ Թուրքիայի պատմությունը մշտապես ցույց է տալիս, որ պատերազմները, պատերազմական իրավիճակները, ազգայնամոլական հայտարարությունները բարձրացնում են տվյալ պահին իշխանության վարկանիշը»:   Առավել մանրամասն՝ տեսանյութում: