Լավրովի Թբիլիսի այցի դեպքում վրացական ընդդիմությունը լայնամասշտաբ ցույցեր է անցկացնելու

Լավրովի Թբիլիսի այցի դեպքում վրացական ընդդիմությունը լայնամասշտաբ ցույցեր է անցկացնելու

Վրաստանի խորհրդարանի «Միասնական ազգային շարժում» կուսակցության ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի Թբիլիսի այցի անթույլատրելիության մասին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: ՌԴ արտգործնախարարի այցի դեպքում վրացական ընդդիմությունը լայնամասշտաբ բողոքի ցույց է անցկացնելու, նախազգուշացրել է Գոցիրիձեն: Նա խոստացել է, որ այդ ակցիայի արդյունքում Վրաստանի կառավարությունը ստիպված կլինի թռչել Մոսկվա՝ Լավրովի ինքնաթիռով: Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ ընդդիմությունն այդ այցը կհամարի «Մոսկվայի նպատակային սադրանք», եթե Ռուսաստանի պատվիրակության կազմում լինեն անձինք, որոնք խախտել են օկուպացիայի վերաբերյալ Վրաստանի օրենքը: Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունները սրվել են 2019 թ.-ի հունիսի վերջին: Զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին Վրաստանի մայրաքաղաքում, որի պատճառը Ռուսաստանի պատվիրակության մասնակցությունն էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որի ընթացքում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր երկրի խորհրդարանի խոսնակի աթոռը: Դրանից հետո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, երկու երկրների միջև դադարեցվեց ավիահաղորդակցությունը: