Վերին Լարսի այլընտրանքը. ե՞րբ Հայաստանը ձեռք կբերի լաստանավեր

Վերին Լարսի այլընտրանքը. ե՞րբ Հայաստանը ձեռք կբերի լաստանավեր

Տարվա այս ամիսներին, երբ Վերին Լարսի անցակետի հետ կապված խնդիրն էլ ավելի է սրվում, օրերով բեռնատար ու մարդատար մեքենաները խցանված մնում են Լարսի անցակետում, կրկին արդիական են դառնում և ակտիվանում են Լարսին այլընտրանք ստեղծելու մասին խոսակցությունները։ Այդ ճանապարհին արդեն մեկ տարի է, ինչ իշխանությունները հայտարարում են լաստանավեր ձեռք բերելու շուրջ ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու մասին։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը նախօրեին գրել էր, որ Ղրիմի կամուրջը շահագործման հանձնելուց հետո «ազատ» են մնացել մի քանի լաստանավեր, որոնք Ռուսաստանը պատրաստ է վաճառել բավականին հարմար գնով։ Մասնավորապես, 1980-ականներին արտադրված մեկ լաստանավի արժեքը կազմում է մոտ 3 միլիոն դոլար։ Մինչդեռ նոր լաստանավ գնելու համար կպահանջվի շուրջ 9-10 միլիոն դոլար։ Նախօրեին, սակայն, ՌԴ-ում ՀՀ դեսպանը խոստովանեց, որ բանակցություններն առայժմ ապարդյուն են, չկա որոշակիություն, ինչի պատճառը բացառապես տնտեսական խնդիրներն են։ Ըստ փորձագետի՝ սեփական լաստանավերի առկայությունն առնվազն թույլ կտար էապես նվազեցնել Վերին Լարսի ծանրաբեռնվածությունը՝ դիվերսիֆիկացնելով Հայաստանի տրանսպորտային անվտանգության ապահովման ուղիները։ Ավելին՝ դա էապես կաջակցեր խոշոր արտահանողներին ու ներկրողներին՝ բարձրացնելով երկրի տնտեսական կայունության ու մրցունակության մակարդակը։ «Եթե ցանկանում ենք շոշափելի հաջողություններ ունենալ՝ բարձրացնելով սեփական աշխարհատնտեսական սուբյեկտությունը ժամանակակից՝ բիզնես շահով դետերմինացված աշխարհակարգում, ապա ժամանակն է վերջապես դուրս գալ ներքաղաքական կաղապարված մտածելակերպից ու տարածքային մտածելակերպ որդեգրել։ Դասագրքային ճշմարտություն է, որ տրանսպորտային ուղիների տարատեսականացումը դրա ամենաարդյունավետ մեթոդներից է»,-պնդում է Դավթյանը։ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այո, Ռուսաստանում երկու լաստանավ կա, վաճառվում են, որոնցից մեկն արժի 3 միլիոն դոլար, բայց դրանց տեխնիկական և այլ նկարագիրները Հայաստանի համար պարզ չեն, որպեսզի վերջնական որոշում կայացվի՝ գնել դրանք, թե ոչ։ Մեր դիտարկմանը՝ մոտավոր պատկերացում կա՞ արդեն, թե երբ կունենանք այդ լաստանավերը, կամ դրանցից մեկը, նախարարը պատասխանեց. «Կունենանք այն ժամանակ, երբ դրանց տեխնիկական տվյալները մեզ ձեռք կտան։ Եթե ձեռք չտան, ապա չենք ունենա, գոնե դրանք ձեռք չենք բերի և կփնտրենք ուրիշները»։ Հիշեցնենք, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լաստանավերի ձեռքբերման խնդրին անդրադարձ էր կատարել նաև փետրվարի 12-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ հանդիպման ժամանակ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են նաև տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր` կապված ինչպես երկաթուղային այլընտրանքի, այնպես էլ սևծովյան նավահանգստում լաստանավերի ձեռքբերման հնարավորությունների հետ: Լաստանավերից զատ, մասնագետները Վերին Լարսի այլընտրանքային 2-3 ճանապարհ են մատնանշում։ Մեկն այն է, որ այլ ճանապարհ գտնվի՝ Վրաստանի տարածքով, բայց այդտեղ քաղաքական խնդիրներ կան։ Երկրորդ ճանապարհը կարող է լինել օդային ճանապարհը, որ բեռների որոշակի տեսակներ տեղափոխվեն օդանավերով, և պետությունը սուբսիդավորի որոշակի ավիաթռիչքներ, որոնք կարվեն բեռնափոխադրման նպատակով և նման կրիտիկական իրավիճակներում կթեթևացնեն իրավիճակը։ Երրորդ ճանապարհն ավելի երկարաժամկետ է։ Ըստ այդ ճանապարհի՝ մեր ապրանքները պետք է դիվերսիֆիկացիայի ենթարկվեն, որպեսզի ֆիզիկապես մեծ քանակի ապրանքներով չպայմանավորենք մեր արտահանումը: «Այն ապրանքները, որոնք հավելյալ արժեքով են օժտված, դրանք կարող են տեղափոխվել նաև օդային ճանապարհով։ Սա կարող է լուծում լինել։ Բացի դրանից՝ մենք պետք է այդքան կախված չլինենք ռուսական շուկայից և փորձենք այլ երկրներ արտահանումն ուժեղացնել, փորձենք GSP+-ով ուժեղացնել արտահանումը դեպի Եվրոպա, Ամերիկա, Կանադա և այլ երկրներ։ Կարող ենք բեռնափոխադրման համար օգտագործել նաև Վրաստանի նավահանգիստները, որ չմնա միայն Լարսը։ Բայց այս ամենի համար հարկավոր են տնտեսական ներդրումներ, տնտեսական աճ, տնտեսական քաղաքականություն։ Պետությունը պետք է քաղաքականացնի տնտեսական թեման և ասի՝ մենք տրանսպորտային խնդիրներ ենք ունենում, եկեք մեխանիզմներ մշակենք, որ նման խնդիրներ չլինեն, և մեր ապրանքը մրցունակ դարձնենք այլ երկրներում։ Պետք է նվազեցվի կախվածությունը մեկ երկրից»,- վերջերս մեզ հետ զրույցում ասել էր Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը: