Ջախջախիչ ֆանտաստիկա․ Արթուր Ալեքսանյանի աննախադեպ արդյունքը․․․

Ջախջախիչ ֆանտաստիկա․ Արթուր Ալեքսանյանի աննախադեպ արդյունքը․․․

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շարունակում է պատմություն կերտել։ Լեգենդար ըմբիշը երեկ 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակչում Ալեքսանյանը մրցեց Իտալիայից Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ: Հայ ըմբիշը գերազանցեց մրցակցին 7:1 հաշվով:Ալեքսանյանը Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ խոշոր 7։1 հաշվով պարտության մատնեց թուրք Զենք Իլդեմին, հետո 8։1 գերազանցեց բուլղարացի Կիրիլ Միլովին, իսկ կիսաեզրափակչում էլ 9։1 առավելության հասավ Ֆինլանդիայից Մատի Էլիաս Կուոմանենի նկատմամբ: Փաստորեն, մեր չեմպիոնը Եվրոպայի առաջնությունում տարել է միմիյան ջախջախիչ հաշվով հաղթանակներ։ Մրցակիցների և ոչ մեկին չի հաջողվել Ալեքսանյանի դեմ պայքարում մեկ միավորից ավելի վաստակել։ Սա ֆանտաստիկ արդյունք է։ Ընդամենը շաբաթներ առաջ ծանր վնասվածիք ապաքինվելուց հետո Ալեքսանյանը փայլուն արդյունքով աչքի էր ընկել նաև Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած միջազգային խոշոր մրցաշարում, նվաճելով ոսկե մեդալ։ Եզրափակչում մեր մարզիչը լարված պայքարում 3:1 հաշվով առավելության էր հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Օրհան Նուրիևի նկատմամբ: Գոտեմարտի սկզբում Նուրիևն առաջ անցավ հաշվի մեջ և ամեն գնով ցանկանում էր պահպանել առավելությունը։ Մրցամարտի երկրորդ հատվածում սակայն Ալեքսանյանին հաջողվել էր բեկել գոտեմարտի ընթացքը և գլորում կատարելով նվաճել ոսկին։ Մեր օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, մեկնարկային գոտեմարտում 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանը 8:0 հաշվով առավելությամբ հաղթել էր հոնդուրասցի Քևին Մեջիային: Կիսաեզրափակչում էլ մեր ըմբիշը 2:1 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ։ Ամփոփելով վերջին երկու մրցաշարի արդյունքները փաստում ենք, որ վերջին երկու խոշոր մրցաշարերում, կամ վերջին 9 գոտեմարտերում որևէ ըմբիշի չի հաջողվել Ալեքսանյանից գոնե 2 միավոր պոկել։ Նման վիճակագրությունը բնորոշ է միայն ու միայն լեգենդար մարզիկներին։ Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն անցյալ տարվա սեպտեմբերին վնասվածքի պատճառով չէր գոտեմարտել աշխարհի առաջնության եզրափակչում: Մասնավորապես, Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի ունեցած մրցաշարի եզրափակչում Ալեքսանյանը պետք է մրցեր Ռուսաստանից աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի հետ: Բայց նախօրեին ստացած վնասվածքի պատճառով ըմբիշը գորգ դուրս չէր եկել: Այնուամենայնիվ այս արդյունքը Արթուր Ալեքսանյանին թույլ էր տվել ապահովել 2020 թվականի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր: 2018 թվականը Ալեքսանյանը սկսել էր մայիսին Ղազախստանում տեղի ունեցած միջազգային մրցաշարով։ Կրկին վնասվածքից ապաքինվելուց հետո մեր մարզիչը ոսկե մեդալ էր նվաճել եզրափակչում հաղթելով ռուս Ալեքսանդր Գոլովինին: 2018 դեկտեմբերին Ալեքսանյանը լուրջ վնասվածք էր ստացել և բուժվել ԱՄՆ-ում: 2019 թվականի հունիսին Ալեքսանյանը մասնակցեց Մինսկում տեղի ունեցած Եվրոպական խաղերում ևս փայլուն ելույթով աչքի ընկավ դառնալով չեմպիոն։ Ալեքսանյանի գրանցած վերջին արդյունքները խոսում են այն մասին, որ մեր չեմպիոնը Օլիմպիական խաղերին ընդառաջ մարզավիճակի հետ կապված խնդիրներ չունի։ 2020 թվականը թե Ալեքսանյանի, և թե հայկական սպորտի համար կարող է դառնալ բացառիկ։ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու պարագայում Ալեքսանյանը կդառնա անկախ Հայաստանի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն մարզիկը։ Դրա համար կան բոլոր նախադրյալները։ Անցյալ տարի խոսելով գալիք Օլիմպիական խաղերի մասին՝ Արթուր Ալեքսանյանը մասնավորապես ասել էր․«Տոկիոյում կայանալիք Օլիմպիադայի միակ առանձնահատկությունն այն է, որ այդ խաղերին արդեն Օլիմպիական չեմպիոնի կարգավիճակում պետք է գնամ։ Չեմպիոնական կոչումը պահպանելը նույնքան դժվար է, որքան չեմպիոն դառնալը։ Ամեն դեպքում ինձ համար որևէ նշանակություն չունի Օլիմպիական խաղեր են, աշխարհի, թե Եվրոպայի առաջնություն։ Ինձ համար բոլոր մրցաշարերն էլ պարտավորեցնող են, քանի որ բոլորը միայն ոսկե մեդալի ակնկալիք ունեն ինձնից։ 2018 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնության ժամանակ վնասվածքս շատ էր խանգարել ինձ։ Այն խոսակցություններին, թե այլևս առաջվանը չեմ, ուշադրություն էլ չեմ դարձնում, ես գիտեմ, ներքուստ զգում եմ, որ կարող եմ և շարունակելու եմ գոտեմարտել։ Եվրոպական խաղերում հաղթանակս ապացույց էր, որ շատ անտեղի են այդպիսի խոսակցությունները և կարծիքները»: Արթուր Ալեքսանյանը հաղթել է Եվրոպայի առաջնություններում 2012, 2013, 2014, 2018 թվականներին: Գյումրեցի մարզիկը Ռիո դե ժանեյրոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, երեք անգամ էլ հաղթել է աշխարհի առաջնություններում` 2014, 2015, 2017 թվականներին: