«Դեմը խաղ չկա». Համակարգից հեռացվածը զբաղված է ոստիկանության ստվերային կառավարմամբ. «Ժամանակ»

«Դեմը խաղ չկա». Համակարգից հեռացվածը զբաղված է ոստիկանության ստվերային կառավարմամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս Ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակից Սարգիս Դավթյանը հավաքել է Տավուշի մարզի՝ մասնավորապես Իջևանի ոստիկաններին, և հանդիպման ընթացքում հրապարակավ հայհոյել ու վիրավորել է ներկա ոստիկաններին՝ նրանց մեղադրելով Իջևանի անտառները հատողների հետևից ընկնելու և մյուս գործերն անտեսելու, աչքաթող անելու համար։ Տեղի ունեցածը մեծ դժգոհություն և վրդովմունք է առաջացրել ներկաների մոտ։ Նշենք, որ Սարգիս Դավթյանը ՈՍ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, վերջերս համակարգից հեռացված Միհրան Դավթյանի որդին է։ Ի դեպ, չնայած որ Միհրան Դավթյանին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը իր նշանակման օրը հեռացրել է համակարգից, Դավթյանը շարունակում է գլուխ գովել, թե «իր դեմ խաղ չկա»։ Շարունակում է շրջել ոստիկանության գոլդ պետհամարանիշներով։ Աշխատանքից ազատվելուց հետո նա մի շրջան արտագաղթել էր ԱՄՆ, որտեղ բիզնեսներ ունի, սակայն ներկայումս Հայաստանում է և զբաղված է ոստիկանության ստվերային կառավարմամբ։ Այս միջադեպը լավագույնս հիմնավորում է, որ ոստիկանության բարեփոխումները անհրաժեշտություն են, մի բան էլ՝ ուշացած»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: