Կոմայի հետևանքը․ Ում գլխավորությամբ ՀՀ ազգային թիմը Տաշքենդում խաղադաշտ դուրս կգա

Կոմայի հետևանքը․ Ում գլխավորությամբ ՀՀ ազգային թիմը Տաշքենդում խաղադաշտ դուրս կգա

Մոտ մեկ ամսից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այս տարվա առաջին հանդիպումը կանցկացնի։ Մարտի 26-ի մեր ազգային թիմը Տաշքենդում ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի հետ, իսկ արդեն մարտի 30-ին Ալմաթիում կհյուրընկալվի Ղազախստանին։ Հիշեցնենք, որ վերջին հանդիպումը Հայաստանը անց էր կացրել անցյալ տարվա մարտին Պալերմոյում 9։1 հաշվով զիջելով Իտալիային։ Ու հիմա առաջին հարցը, որ ծագում է առաջիկա մրցավեճերից առաջ այն է թե ո՞ւմ գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան։ 2019 թվականի վերջին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած փոփոխություններից հետո երկրպագուներն ակնկալում են փոփոխություն նաև Հայաստանի ազգային հավաքականում: Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ ազգային թիմի մարզիչ էր նշանակվել Աբրահամ Խաշմանյանը: Այսօր ՀՖՖ-ն խզեց պայմանագիրը նաև Խաշմանյանի հետ։ Թե ինչ տեղի ունեցավ մեր ազգային թիմի հետ այս մասնագետի գլխավորությամբ՝ կրկին վերհիշել ուղղակի չենք ցանկանում: Սթափ գնահատելով իրավիճակը՝ կարող ենք միայն նշել, որ այս պահին մեր գլխավոր թիմին անհրաժեշտ է եվրոպացի բանիմաց մասնագետ, որն ի զորու է թիմը դուրս բերել կոմայից: Այո, այս պահին Հայաստանի հավաքականը շարունակում է գտնվել կոմայում, որից դուրս գալու առաջին քայլը թեկուզ հոհեբանական առումով պետք է լինի առաջիկա մրցավեճերում հաղթելը։ Այս տարի մասնակցելու ենք Ազգերի լիգայի խաղարկությանը, որը հերթական փորձությունը կլինի մեզ համար: 2020 թվականի մեկնարկին հարկ ենք համարում արձանագրել այն իրավիճակը, որում գտնվում ենք հիմա, և փորձել գնահատել մեր իրական հնարավորությունները: Հայաստանի ազգային հավաքականը ձախողվեց Եվրո-2020-ի ընտրական փուլում: 10 խաղում մերոնք տարան 3 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեցին ոչ-ոքի և կրեցին 6 պարտություն ենթախմբում զբաղեցնելով նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը: Ֆուտբոլասերների շրջանում շատ էին քննարկվում վիճակահանության արդյունքները և գնահատվում մեր հավաքականի հնարավորությունները: Մնում էր միայն հասկանալ, թե որը պետք է լինի մոտիվացիան և ինչի համար կարող էինք պայքարել: Իհարկե, բոլորս սրտի խորքում ցանկանում էինք, որ մեր ֆուտբոլիստները պայքարեն առաջին կամ երկրորդ հորիզոնականի համար: Բայց ցանկությունը մի բան է, իրականությունը՝ այլ բան: Մեր հավաքականի վերջին հանդիպումները ապացուցեցին, որ եզրափակիչ փուլի մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: J ենթախումբը, որտեղ ընդգրկված էր Հայաստանի հավաքականը ընդգրկված էին միանգամայն տարբեր մակարդակի թիմեր: Ընդգծված ֆավորիտը անկասկած աշխարհի քառակի չեմպիոն Իտալիան էր, որը թեև կադրային խնդիրներ ուներ, բայց ապացուցեց, որ դասվում է թոփ հավաքականների շարքում: Իտալիայում տեղի է ունենում սերնդափոխություն, և երիտասարդ կադրերը բնականաբար նոր շունչ հաղորդեցին հեղինակավոր թիմին: Բոսնիա-Հերցեգովինան Հունաստանը և Ֆինլանդիան որոշակի վերապահումով կարելի էր դասել նույն հարթության վրա: Եվ վերջապես ամենաթույլ օղակում մենք էինք և Լիխտենշտեյնը: Վերջինիս հետ Ազգերի լիգայի խաղարկության հանդիպումները ցույց էին տվել, որ մեր ազգային թիմը խաղամակարդակով առանձնապես չի տարբերվում գաճաճ մրցակցից: Դրանում համոզվել էինք նաև անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած Լիխտենշտեյն-Հայաստան մրցավեճից հետո:Նման դիրքում մենք հայտնվել ենք տարիների ընթացքում կատարված ավերիչ գործողությունների հետևանքով: Ուստի եթե միանգամայն իրատես լիենք, պետք է արձանագրենք, որ Եվրո-2020-ի մեր նվազագույն խնդիրը պետք է լիներ Լիխտենշտեյնին հետևում թողնելը: Այս խնդիրը կարծես լուծեցինք, սակայն ունեինք հնարավորություն մեզնից կարգով ավելի բարձր հավաքականներից գոնե մեկին շրջանցելու: Այսինքն՝ եթե Հայաստանի հավաքականին հաջողվեր ենթախմբում զբաղեցնել, ասենք, 4-րդ հորիզոնականը և 5-րդ տեղում թողնել ասենք Հունաստանին, կարելի կլիներ ասել, որ մեր ֆուտբոլիստները լուրջ քայլ են կատարել: Քայլ, որը հնարավորություն կտար 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում ավելի լուրջ խնդիր դնել՝ ընդհուպ մինչև երկրորդ հորիզոնականի համար պայքար: Այսօր կարող ենք փաստել, որ Հայաստանի ազգային հավաքականին չհաջողվեց քայլ առաջ կատարել: Այո, վերջին երկու տուրերից առաջ գտնվում էինք երրորդ հորիզոնականում և ունեինք հնարավորություն լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու, բայց… Ձախողումներին շատ ենք անդրադարձել և դեռ կանդրադառնանք: Հիմա, սակայն, պատեհ առիթը չէ դրանց մասին խոսելու: Համակարգային փոփոխություններին ընդառաջ՝ հարկ ենք համարում մեր իրական հնարավորությունները սթափ գնահատելը, ինչպես նաև օբյեկտիվորեն լուծելի խնդիրներ դնելը ազգային թիմի առաջ:Ինչ խոսք, ֆուտբոլում հրաշքներ լինում են, բայց հրաշքների հետևից ընկնել ուղղակի չի կարելի: Այս պահին Հայաստանի հավաքականը շարունակում է մնալ ամենաթույլ՝ օղակում: Հենց այս օղակից պետք է սկսի աշխատանքը Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչը: Իսկ թե ում գլխավորությամբ Հայաստանի հավաքականը Տաշքենդում խաղադաշտ դուրս կգա հայտնի կդառնա մոտ ապագայում։