Քոչարյանը ձգտում է անվերջ ծաղրուծանակի ենթարկել Մարտի 1-ի գործը, դատական պրոցեսը վերածել ֆարսի

Քոչարյանը ձգտում է անվերջ ծաղրուծանակի ենթարկել Մարտի 1-ի գործը, դատական պրոցեսը վերածել ֆարսի

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին 3 ենթակաների գործով դատական նիստն այսօր հետաձգվեց Արմեն Գևորգյանի և Քոչարյանի պաշտպանների բացակայության պատճառով: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նախքան նիստը գրություն է ստացել, որով պաշտպանները նշել են, որ գտնում են, որ հունվարի 9-ին պաշտպանության կողմի հասցեին տուժողի իրավահաջորդի կողմից հնչեցվել է սպառնալիք, և որ դատարանը պատշաճ չի արձագանքել նման իրավիճակին: Պաշտպանության կողմը գտնում է, որ նշված իրավիճակում զրկված է իր իրավունքներն ու պարտականությունները լիարժեք իրացնելու հնարավորությունից, այդ պատճառով էլ չեն ներկայացել նիստին: Նշենք, որ նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր՝ այդ անգամ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ Միհրան Պողոսյանի նկատմամբ կիրառվում է դատական սանկցիա՝ նկատողության տեսքով: Երեկ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարել էր, որ այսօրվա նիստին ինքնաբացարկ են հայտնելու դատավոր Դանիբեկյանին: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Քոչարյանի պաշտպանական թիմը ձգտում է նրան, ինչին Քոչարյանը ձգտել է մինչև հիմա։ «Նրանք ուզում են դատական պրոցեսը վերածել ֆարսի, ծաղրուծանակի առարկայի վերածել ընդհանրապես Մարտի 1-ի գործը՝ որպես այդպիսին, ծաղրել հասարակությանը, պետությանը։ Ու նրանք դա ուզում են անել անվերջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Մեր այն հարցին, թե այս իրավիճակն ինչքա՞ն կարող է շարունակվել, ե՞րբ վերջապես կմեկնարկի բուն դատավարությունն, ըստ իրեն, Մեհրաբյանը պատասխանեց. «Այնքան ժամանակ՝ մինչև դատավորը համապատասխան սանկցիաներ չկիրառի այն զանգվածի նկատմամբ՝ որպես պետության ներկայացուցիչ, պետության իշխանության թևերից մեկի ներկայացուցիչ պետք է կարգի հրավիրի այդ զանգվածին։ Գոյություն ունի սանկցիաների ինստիտուտ, ու ժամանակն է դրանով զբաղվել։ Այս պրոցեսն անվերջ չի կարող շարունակվել»։ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող անձանց ցանկն ամբողջական չէ։ «Պետք է լինեն նաև Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը և մյուսները։ Իսկ այն, ինչ կատարվում է դատական պրոցեսներին, ապա ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է, որ բուն դատական պրոցեսը չմեկնարկի։ Եվ սա տեղավորվում է իմ ասած հեղաշրջման սպասելու պրոցեսի մեջ։ Ըստ իս՝ իրենք վստահ են, որ իմ ասած թերություններով հանդերձ, իրենց մեղքն ապացուցվելու է, ու հույս են դրել իրավիճակի փոփոխության հետ։ Իսկ իրավիճակ կարող է փոխվել մի դեպքում։ Ընտրությունները հեռու են՝ ուրեմն հեղաշրջման հերթական փորձ կնախաձեռնեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Ըստ Մակեյանի՝ իշխանությունները նպաստում են այդ զարգացումներին՝ իրենց անմշակ, թերի բարեփոխումներով։ «Օրինակ ՝ ծննդատների փակում, սպանդանոցների թերի ու անպատասխանատու գործընթացը։ Հիմա գյուղացիները ամբողջությամբ չեն ոտքի կանգնել, բայց եթե վաղը բոլոր գյուղերն ու մարզերը ոտքի կանգնեն՝ ի՞նչ են անելու։ Եթե դրան էլ գումարվի քաղաքական շահագրգռվածությունը՝ հինգերորդ շարասյան, փակված մարդկանց, նախկինների մեդիա ռեսուրսների ներդրումը, պարզ է, ինչ-որ բանի կհասնեն։ Եթե նույնիսկ հաջողության չհասնեն, ապա էականորեն կթուլացնեն գործող իշխանություններին»,- եզրափակեց նա։