Բուռն զարգացումներ՝ Լիբանանում. հայ համայնքը տերն է այդ երկրի և մասնակիցը երկրի կառավարմանը

Իրավիճակը Լիբանանում շարունակում է թեժ մնալ: Ավելի քան երեք ամիս շարունակվող ցույցերը չեն հանդարտվում: Անցած հանգստյան օրերին  բախումներ են գրանցվել ոստիկանների և ցուցարարների միջև: Լիբանանի նախագահ Միշել Աունը և նոր վարչապետ Հասան Դաիբը կիրակի օրը սկսել են քննարկել երկրի նոր կառավարության կազմը՝ Բեյրութում և երկրի մի շարք այլ  բնակավայրերում շարունակվող զանգվածային բողոքի ֆոնին։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Լիբանանում ցույցերն ի սկզբանե համաժողովրդական ցասման, համաժողովրդական դժգոհության հետևանք էին, տարիներով կուտակված խնդիրներ, որոնց բռնկումն անհրաժեշտ առիթի էր սպասում: «Համաժողովրդական այս գործողությունների նպատակը երկրում եղած համակարգից զատ նոր բնույթի կառավարության ձևավորումն է: Ինչպես գիտենք Լիբանանը համայնքային պետություն է, որի կառավարման համակարգն էլ նույն սկզբունքի վրա է: Այսինքն, պետական կառավարման համակարգի հիմնական պաշտոնները բաժանվում են ըստ համայնքների: Ցույցերի նպատակն էր միասնական համաժողովրդական, ազգային միասնական կառավարության ձևավորում, որը զուրկ կլիներ համայնքային տրամաբանությունից»: Անդրադառնալով Լիբանանում բնակվող հայ համայնքին Պետրոսյանը շեշտեց, որ շարքային քաղաքացու մակարդակով ցույցերին մասնակցություն կա: «Ի սկզբանե լիբանանահայերը մասնակցել են բողոքի գործողություններին՝ արդարացիորեն առաջ քաշելով իրենց պահանջները, ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա նրանց դերակատարումը բավականին զուսպ է և միտված է երկրի կայունության պահպանմանը»:   Առավել մանրամասն՝ տեսանյութում: