Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է Բելառուսին Ղազախստանից նավթ մատակարարելուն

Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է Բելառուսին Ղազախստանից նավթ մատակարարելուն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է ղազախական նավթի Բելառուս մատակարարմանը: «Ղազախստանը կարող է մեզ նավթ մատակարարել, եթե Ռուսաստանը համաձայնի: Տարօրինակ է, բայց մեր դաշնակիցն իր համաձայնությունը չի տալիս, որ մենք նավթ ստանանք մեր մեկ այլ դաշնակցից: Դե ինչ, այսպիսին է նավթի մատակարարման շուրջ ներկայիս իրավիճակը, եւ մենք պետք է գլուխ հանենք»,- հայտարարել է Լուկաշենկոն արտահանվող նավթամթերքների իրացման արդյունավետության բարձրացման հարցերով խորհրդակցության ժամանակ: Նախագահին մեջբերել է «БелТА»-ն: Բելառուսի առաջնորդը նաեւ խոստովանել է, որ Մինսկն այժմ ռուսական նավթին այլընտրանք չուն: «Բայց, ինչպես եւ պայմանավորվել ենք, պետք է լայնացնենք շրջանակը: Պետք է հասնենք նրան, որ նավթի 30-40%-ը գնենք ՌԴ-ից, 30 տոկոսը՝ Բալթյան երկրներից, իսկ 30-ը՝ Ուկրաինայից», ասել է Լուկաշենկոն: Նախագահը նաեւ նշել է, որ Բելառուսի համար բարդանում են տնտեսական պայմանները: Ինչպես հաղորդվել էր հունվարի 17-ին Ղազախստանի Էներգիայի նախարար Նուրլան Նոգաեւը հանդիպել էր «Белнефтехим» ընկերության փոխնախագահ Անդրեյ Բունակովի հետ: Ըստ ստացված տեղեկատվության, կողմերը քննարկել են նավթի եւ նավթամթերքների մատակարարման շուրջ երկու երկրների կառավարությունների միջեւ ձեռք բերված համաձայնությունների ծրագիրը: Ինչպես հաղորդվել էր, 2020 թվականի հունվարի 1-ից դադարեցվել էր ռուսական նավթի մատակարարումը Բելառուս, քանի որ անհամաձայնություններ կային գնի շուրջ: