Անընդունելի է, նման վարքագիծը ստանալու է համարժեք արձագանք. Մակունց

«Նախ՝ արձանագրենք, որ ընտրությունները քաղաքացիների քվեի արդյունքում են տեղի ունեցել, և այն իրավիճակը, որ կա խորհրդարանում, այն պատգամավորները, որ հայտնվել են խորհրդարանում, եղել են քաղաքացիների արդար, ազատ և անկախ կամարտահայտման արդյունքում: Այս քննարկումները, որ հիմա տեղի են ունենում, ցույց են տալիս, թե բացի ազատ, անկախ ընտրություններից, բացի ինստիտուցիոնալ մոտեցումներից մեզ էլ ինչ է պետք, մենք ինչ պետք է փոխենք: Այո՛, մենք ավելի շատ ուշադրություն պիտի դարձնենք քաղաքական կամքի վրա, զուգահեռ իրավական, օրենսդրական փոփոխություններին, մենք պետք է ուշադրություն դարձնենք արժեքների, մտածողության վրա: Արձանագրենք սա, որովհետև քաղաքացու համար հաջորդ ընտրությունների համար կարևոր է իմանալ, թե իրենք ինչպես են առաջնորդվելու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին: