ԱԱԾ մենաշնորհը վերացվեց. ինչ է սպասվում

ԱԱԾ մենաշնորհը վերացվեց. ինչ է սպասվում

Ազգային Ժողովն ընդունեց գաղտնալսման իրավունքի հարցում օրենսդրական փոփոխությունը, որով գաղտնալսելու իրավունք է տրվում նաև ոստիկանությանը, այդպիսով գործնականում խախտելով ԱԱԾ մենաշնորհը: Եթե նախկինում ոստիկանությունը գաղտնալսում իրականացնելու համար դատարանի որոշումից բացի պետք է ունենար նաև ԱԱԾ թույլտվությունը, ապա այժմ բավարար է միայն դատարանի որոշումը: Օրենսդրական այդ նախաձեռնությունը հիմնավորվել է ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ կարողությունների և արդյունավետության բարձրացման հիմնավորումով: Միաժամանակ ակնառու է, որ այդպիսով ստեղծվում է ԱԱԾ-ին որոշակի հակակշիռ, որովհետև ոստիկանությունը փաստորեն կարող է գաղտնալսել նաև ԱԱԾ աշխատակիցների, եթե տեսականում դիտարկենք այդպիսի տարբերակ: Ինչպե՞ս է այդ հանգամանքը փոխազդելու երկու իրավապահ կառույցների գործունեության վրա, ինչը հատկապես կարևոր ու արդիական հարց է Հայաստանի հետհեղափոխական ներկայիս փուլում, երբ բավականին հաճախակիացել են իրավապահների գործունեության հետ կապված հարցադրումները: Միաժամանակ, այդ առումով, տարածվող խոսակցություններում և գնահատականներում որոշակիորեն նկատելի է և այն, որ իրավապահ համակարգը դիտարկվում է քաղաքական մեծամասնության և վարչապետի հանդեպ որոշակի դիմադրության դիրքերից, այն հիմնավորումով, որ այդ համակարգում կան նախկին իշխող համակարգից մնացած սուբյեկտներ: Անխոս, դա իրականություն է, սակայն այստեղ կա մի խնդիր՝ ընդհանրապես քաղաքական ղեկավարության և իրավապահ համակարգի հարաբերությունների առումով Հայաստանում խնդիրներն առկա են դեռևս նախկին համակարգից, իսկ այդ ամենի հիմքում են բազմաթիվ գործոններ, թե ներքին, թե արտաքին: Իրավապահ համակարգը կամ համակարգերը Հայաստանում խոշոր հաշվով ներառում են իշխող համակարգի այսպես ասած ներխմբային շահեր, արտացոլում դրանց բազմազանությունը, մինչդեռ քաղաքական իշխանության, քաղաքական պատասխանատվությունը եղել է մեկ անձի՝ նախագահի վրա: Պարզապես, ներքին միջավայրում նախկին համակարգը խնդիրները լուծել է իրեն բնորոշ մեթոդներով և «ինստիտուտներով»: Ներկայումս իրավիճակն այլ է, քանի որ նոր մեծամասնությունը որդեգրել է թափանցիկ և հաշվետու կառավարման սկզբունքը, ինչն ինքնին արդեն իսկ անհնար է դարձնում իրավապահ համակարգ-քաղաքական իշխանություն հարաբերության դաշտում բացարձակապես քողարկված լուծումներով բավարարվելը: Այդ իմաստով, ոստիկանությանը նոր իրավասությամբ օժտելը գործնականում իրավապահ համակարգում որոշակի հակակշիռներ ձևավորելու քայլ է, որով թերևս ակնկալվում է որոշակիորեն ինստիտուցիոնալ լուծում տալ հավասարակշռման և այդպիսով արդյունավետ քաղաքական կառավարման խնդրին: Իսկ հանրությանը բնականաբար հետաքրքրում է խնդիրը, թե այդ նոր հարաբերակցությունը ինչպես է փոխելու Հայաստանում քրեածին վիճակն ու իրավակարգի և հասարակական կարգի պահպանության արդյունավետությունը: