Facebook-ը Սի Ցզինպինին անվանել է «միստր գարշահոտ անցք» և ներողություն խնդրել

Facebook-ը Սի Ցզինպինին անվանել է «միստր գարշահոտ անցք» և ներողություն խնդրել

Facebook սոցցանցում ներկառուցված թարգմանիչը բիրմանական լեզվից անգլերեն անպատշաճ կերպով է թարգմանել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի անունը: Ընկերությունը տեղի ունեցածը կապել է տեխնիկական խաթարման հետ և ներողություն խնդրել՝ փոխանցում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ Սի Ցզինպինի անվան սխալ թարգմանությունը հայտնվել է սոցցանցում Մյանմայ Չինաստանի նախագահի այցելության երկրորդ օրը: Այսպես. հայտարարության թարգմանության մեջ, որը հանդիպման արդյունքներով հրապարակվել է Մյանմայի պետական խորհրդական Աուն Սու Չժիի Facebook-ի պաշտոնական էջում, Սի Ցզինպինը հանդես է եկել որպես «միստր գարշահոտ անցք» (Mr. Shithole): Այդկերպ է թարգմանիչը անվանել Չինաստանի նախագահին նաև Irrawaddy պարբերականի հրապարակման մեջ՝ դրա վերնագիրը թարգմանելով այսպես. «Ընթրիք՝ ի պատիվ նախագահ գարշահոտ անցքի» (Dinner honors president shithole): Ինչպես բացատրել են Facebook-ից, նման սխալը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ ընկերության բիրմանական տվյալների բազայում չի եղել Սի Ցզինպին անունը, և համակարգը սկսել է ինքնուրույն ընտրել հնչյունային նմանությամբ բառը: Այժմ սխալը հեռացված է, և ընկերությունն աշխատում է՝ երաշխավորելու համար հետագայում այդպիսի սխալների բացակայությունը՝ ընդգծել են Facebook-ում: «Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում հասցված վիրավորանքի համար»,- հավելել են ընկերությունից: