Զելենսկին պահանջել է գտնել վարչապետի խոսակցությունների ձայնագրման մեղսակիցներին

Զելենսկին պահանջել է գտնել վարչապետի խոսակցությունների ձայնագրման մեղսակիցներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավապահ մարմիններից պահանջում է երկու շաբաթվա ընթացքում բացահայտել վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի, նախարարների և Ազգային բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ խոսակցությունների ձայնագրման մեղսակիցներին: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը: «Պահանջում եմ, որ երկու շաբաթվա ընթացքում, հնարավորինս շուտ, մենք ձեզ հետ տեղեկատվություն ստանանք՝ ով է կատարել ձայնագրությունները… Գտնել՝ ով է դա արել և պարզել տեղի ունեցածը»,- ընդգծել է Զելենսկին: Բացի այդ, նախագահը պահանջել է երկու շաբաթվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ մշակել, որպեսզի բացառվեն նմանօրինակ միջադեպերն ապագայում և տեխնիկապես ապահովվի տեղեկատվության պաշտպանությունը: Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հունվարի 17-ի առավոտյան հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել և այն փոխանցել հանրապետության նախագահին: «Ես պաշտոնը ստանձնել եմ՝ կատարելու նախագահի ծրագիրը: Նա ինձ համար անկեղծության և օրինավորության օրինակ է: Սակայն որպեսզի փարատվեն նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության բոլոր կասկածները, ես հրաժարականի դիմում եմ գրել և փոխանցել նախագահին՝ խորհրդարանին ներկայացնելու իրավունքով»,- գրել է Գոնչարուկը Facebook-ի իր էջում: «Վերջին օրերին դուք բոլորդ դարձաք այն իրադարձությունների վկաները, որոնք ծավալվել են ցանց արտահոսած ֆայլերի շուրջ, որոնք մոնտաժված են կառավարությունում խորհրդակցությունների ձայնագրությունների հատվածներից: Դրանց բովանդակությունն արհեստականորեն այն պատկերացումն է ստեղծում, որ ես և իմ թիմն իբր չենք հարգում նախագահին, որը մեր քաղաքական առաջնորդն է»,- ընդգծել է Գոնչարուկը: