Վարչապետի խոսքը ՀՀ-ում անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր հայեցակարգի քննարկմանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր վարչապետի մոտ քննարկմանը կառավարության մեր գործընկերներին ներկայացրեցինք անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցումը, որն առաջարկում ենք կիրառել։ Այն ենթադրում է, որ սոցիալական կարիքի գնահատումը և աջակցությունը հիմնված կլինի ոչ թե քաղաքացու սպառման, այլ եկամտի չափի վրա, այլ կերպ ասած՝ իր առջև խնդիր է դնում ապահովել երաշխավորված նվազագույն եկամուտը (Guaranteed Minimum Income)։ Համակարգը միանշանակ պետք է հաշվի առնի աշխատունակության գործոնը և խրախուսի զբաղվածությունը, միևնույն ժամանակ ավելի հասցեական դարձնելով ամենախոցելի խմբերին տրամադրվող աջակցությունը։ Նոր մոտեցումը հաշվի է առնելու նաև ժողովրդագրական ներուժը, երեխայակենտրոն աջակցությունն ավելի զգալի դարձնելու նպատակով։ Համակարգի ներդրումը ենթադրում է ավելի օբյեկտիվ գնահատման մեթոդ, որը հիմնված կլինի փաստագրված տեղեկությունների հավաքագրման վրա, այդ թվում ինքնաշխատ եղանակով։ Շուտով կսկսենք քննարկումները տարբեր շահագրգիռների հետ։ Այս փուլում ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել իմ տեղակալներ Ժաննա Անդրեասյանին և Արման Ուդումյանին, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանին, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանին և աշխատանքային խմբի մյուս անդամներին կատարած աշխատանքի համար։ Սոցիալական բարեփոխումներն անխուսափելի են, և մենք դա միասին կիրականացնենք»։