Միլիոնանոց տեղաշարժեր. Հայաստանցի 5 ամենաթանկ ֆուտբոլիստները

Միլիոնանոց տեղաշարժեր. Հայաստանցի 5 ամենաթանկ ֆուտբոլիստները

Պայմանավորված ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մի քանի խաղացողների իրենց ակումբներում տպավորիչ ելույթներով և դրանց հաջորդող տրանսֆերներով՝ հայ ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը տրանսֆերային շուկայում զգալի աճ է գրանցել։ Նախորդ տարի տրանսֆերային շուկայում մեր ֆուտբոլիստներից դոմինանտը Սարգիս Ադամյանն էր, որ «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվելով Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմ»՝ դարձավ այս թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը։ Շուկան ուսումնասիրող հեղինակավոր պարբերականները Ադամյանի տրանսֆերն այս պահին գնահատում են 4 միլիոն եվրո։ Համեմատության կարգով նշենք միայն, որ անցյալ տարվա հունվարին Ադամյանի տրանսֆերը գնահատվում էր ընդամենը 1.5 միլիոն եվրո։ Մեկ տարվա ընթացքում հայ հարձակվողի արժեքն ավելացել է 2.5 միլիոն եվրոյով, ինչը կարելի է բավական բարձր ցուցանիշ համարել։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեզ համար նշանակալի տրանսֆերը ազգային հավաքականի մեկ այլ հարձակվողի՝ Տիգրան Բարսեղյանի ղազախական «Կայսարից» «Աստանա» տեղափոխվելն էր։ Այս ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 1.5 միլիոն եվրո։ Արժեքային առումով թե՛ Ադամյանը և թե՛ Բարսեղյանն այս պահին իրենց կարիերայի գագաթնակետում են։ Նշենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Բարսեղյանի տրանսֆերային արժեքը կազմում էր 750 հազար եվրո։ Մեկ տարվա ընթացքում տրանսֆերային գնի կրկնապատկումը ևս լուրջ ձեռքբերում պետք է համարել։ Զգալի աճ է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստի՝ Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը։ Հովհաննիսյանն օրեր առաջ ղազախական «Ժետիսուից» տեղափոխվեց «Կայրաթ»։ Ըստ Transfermarkt պարբերականի՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 1 միլիոն եվրո։ 2018 թվականի առմանը, երբ Հովհաննիսյանը բելառուսական «Տորպեդոյից» տեղափոխվեց «Ժետիսու», նրա տրանսֆերը կազմում էր 500 հազար եվրո։ Առանձնացնենք Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստի, որի տրանսֆերային արժեքը, կայուն աճ գրանցելով, հասել է իր գագաթնակետին։ Խոսքը Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանի մասին է, որի տրանսֆերն այս պահին գնահատված է 1.2 միլիոն եվրո։ Հարոյանը «Ուրալ» էր տեղափոխվել 2017 թվականի ամռանը։ Այն ժամանակ նրա տրանսֆերային արժեքը կազմում էր կես միլիոն եվրո։ Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, ապա վերջին կես տարում նրա տրանսֆերային արժեքը փոփոխության չի ենթարկվել և շարունակում է կազմել 25 միլիոն եվրո։ Մխիթարյանը շարունակում է մնալ հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստը։ 2019 թվականի հունվարին, երբ մեր հավաքականի ավագը դեռևս ելույթ էր ունենում Լոնդոնի «Արսենալում», նրա տրանսֆերը կազմում էր 30 միլիոն եվրո։ Վարձակալության հիմունքներով տեղափոխվելով «Ռոմա»՝ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը որոշակիորեն անկում է ապրել։ Ինչևէ, ամփոփելով մեր ֆուտբոլիստների վերաբերյալ տրանսֆերային վերջին զարգացումները՝ կարող ենք փաստել, որ այսօր ունենք ազգային թիմի 5 խաղացողներ, որոնց տրանսֆերային արժեքը մեկ և ավելի միլիոն եվրո է։ Ամենաթանկ հայ ֆուտբոլիստների հաշվարկում Մխիթարյանին հաջորդում է Սարգիս Ադամյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Տիգրան Բարսեղյանը։ 4-րդ հորիզոնականում Վարազդատ Հարոյանն է, իսկ Կամո Հովհաննիսյանը եզրափակում է լավագույն հնգյակը։ Հայաստանցի մյուս ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը զգալի ցածր է։ Օրեր առաջ «Արարատ-Արմենիայից» ղազախական «Տոբոլ» տեղափոխված Պետրոս Ավետիսյանի տրանսֆերը գնահատված է միայն 400 հազար եվրո։ Մեր մեկ այլ հեռանկարային ֆուտբոլիստներից՝ Էրիկ Վարդանյանի տրանսֆերային արժեքն էլ 350 հազար եվրո է։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Վարդանյանը «Փյունիկից» տեղափոխվեց «Սոչի»։ Այսօր ունենք թերևս երկու ֆուտբոլիստներ, որոնք մոտ ապագայում կարող են հատել տրանսֆերային արժեքի միլիոնի շեմը։ Խոսքը շվեդական «Գյոթեբորգի» պաշտպան Անդրե Չալըշըրի և դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանի մասին է։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է, որ Բաբայանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայտնվի Բունդեսլիգայի թիմերից մեկում։ Խոսվում էր նաև, որ Բաբայանի ծառայություններով հետաքրքրված է նաև Իտալիայի Ա սերիայի թիմերից մեկը։ Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Բաբայանի տրանսֆերային արժեքը կրկնապատկվել է և հիմա կազմում է 600 հազար եվրո։ Չալըշըրի տրանսֆերային արժեքն էլ այս պահին 800 հազար եվրո է։ Վերջին կես տարում այս թիվը փոփոխության չի ենթարկվել։ 2018 թվականի սկզբին, երբ Չալըշըրը հայտնվեց «Գյոթեբորգում», նրա տրանսֆերային արժեքը կազմում էր կես միլիոն եվրո։