ՀԿ-ների մի մասը կմասնակցի, մի մասն էլ կբոյկոտի սահմանադրական բարեփոխումների գործընթացը

ՀԿ-ների մի մասը կմասնակցի, մի մասն էլ կբոյկոտի սահմանադրական բարեփոխումների գործընթացը

Հայաստանի հասարակական կազմակերպությունները դիտարկում են իրենց մասնակցությունը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի շրջանակներում։ Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ: Մասնագիտական հանձնաժողովում կարող են ընդգրկվել Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներից և խնդիրներից են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական համակարգի ամրապնդմանը, օրենսդրության կատարելագործմանը, դատաիրավական համակարգի զարգացմանն աջակցելը, և որոնք հայտ ներկայացնելու պահին նախորդող առնվազն 5 տարվա ընթացքում անընդմեջ նշված ոլորտներից որևէ մեկում գործունեություն են ծավալել։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու վերջնական որոշում դեռ չունեն, քննարկում են և առաջիկա օրերին կհայտնեն իրենց որոշման մասին։ Մասնակցության հնարավորությունը դեռևս չեն քննարկել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայում։ Առաջիկա օրերին պարզ կլինի նաև նրանց որոշումը։ Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան, մոնիթորինգային խմբի ղեկավար Նինա Կարապետյանցն ասաց, որ ընդհանուր ժողովում կքննարկեն հարցը, հետո նոր որոշում կկայացնեն, բայց բացառված չէ, որ բոյկոտեն սահմանադրական բարեփոխումների այս գործընթացը, քանի որ վստահություն չունեն, որ այս իշխանությունները ցանկություն ունեն էական փոփոխություններ կատարելու: «Նախորդ տարվա ընթացքում իշխանությունները բավական լուրջ փոփոխություններ խոստացան, բայց տարեվերջին մենք ոչինչ չունեցանք։ Մինչդեռ հեղափոխության տրամաբանությունը ենթադրում էր, որ այդ փոփոխությունները պետք է կատարվեին։ 1.5 տարի Սահմանադրությանը որևէ կերպ չանդրադառնալը անթույլատրելի էր։ Էլ չասած, որ հանցավոր ռեժիմին այդպես էլ քաղաքական գնահատական չտրվեց։ Հիմա էլ վստահություն չկա, որ սահմանադրական փոփոխությունները գլուխ կբերվեն։ Ենթադրում եմ, որ մի քանի տարի էլ այս գործընթացը կձգձգվի, և մենք նորից կունենանք այն վիճակը, ինչ ունենք այս 1.5-2 տարվա ընթացքում։ Հետևաբար, քանի որ սա մի գործընթաց է, որը կարող է ձգձգվել, մենք գուցե չմասնակցենք դրան»,- նշեց Կարապետյանցը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չեն քննարկել հարցը, բայց հակված են մասնակցելու մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին: «Թերևս կդիմենք և կմասնակցենք»,- ասաց Իոաննիսյանը։ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ որոշում չի կայացրել՝ մասնակցելու է, թե ոչ, իսկ վերջնական որոշում կայացնելու համար կարևոր է հայեցակարգը: «Ինձ համար շատ կարևոր է հայեցակարգը։ Եթե ես իմանամ՝ ինչ հայեցակարգ է լինելու, ըստ դրա կորոշեմ՝ մասնակցել, թե ոչ, որովհետև այնպիսի հայեցակարգ, նախագիծ կարող է իշխանության կողմից առաջարկվել, որը իմ պատկերացումներին չի համընկնում։ Պետք է լինի հայեցակարգ, թե արդյոք ներկա Սահմանադրությունը, որը վարչապետական է, ոչ խորհրդարանական, դա՞ է փոխվելու, թե՞ անցում է կատարվելու նախագահականի։ Առանց հայեցակարգի ես չեմ դիմի այդտեղ, իսկ դիմելուց առաջ էլ կմտածեմ՝ դիմելը զուտ ձևակա՞ն է լինելու, մրցույթը ապահովելո՞ւ համար, թե՞ արդեն կանխորոշված է, թե ովքեր պետք է լինեն հանձնաժողովում»,- ասաց Իշխանյանը։ Ինչ վերաբերում է բուն փոփոխություններին, Իշխանյանն ասաց, որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում։ Գործող Սահմանադրությունը որոշակի փոփոխությունների ենթարկելուց հետո հնարավոր է այն դարձնել իսկապես խորհրդարանական համակարգի Սահմանադրություն, որի կողմնակից է ինքը միշտ եղել. «Ուղղակի որոշակի փոփոխություններ պետք է անցկացվեն նախագահի լիազորությունների հետ կապված, կայուն մեծամասնության դրույթի հետ կապված։ Դա պետք է փոխվի, պետք է փոխվեն դատաիրավական համակարգի հետ կապված որոշ հարցեր, որ քննչական մարմինները դառնան սահմանադրական մարմիններ, ոչ թե վարչապետին կից։ Նման մի քանի փոփոխության դեպքում կարող ենք ունենալ խորհրդարանական համակարգին բնորոշ շատ լավ Սահմանադրություն»։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ իրենք չեն մասնակցելու այս գործընթացին, պատճառները, սակայն, տեխնիկական են։