Արթուր Վանեցյանը լրացնում է բացը

Արթուր Վանեցյանը լրացնում է բացը

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հանրությանը տեղեկացրել է, որ իր գրառումներին կարող են հետևել նաև Թվիթերում՝ ինֆորմացիայի փոխանակման «օպերատիվությունը» բարձրացնելու տրամաբանությամբ: Դա նշանակում է, որ Արթուր Վանեցյանը ինֆորմացիոն դաշտում պատրաստվում է լինել ավելի աշխույժ խաղացող: Այդ տեղեկությունը տարածվում է արդեն իսկ բավականին դինամիկ շրջանառության ֆոնին, որ սկսվեց «Հայկական ժամանակ»-ի արդեն հայտնի հոդվածի հրապարակումով, վարչապետի դստեր արձագանքով, Վանեցյանի պատասխանով և այլն: Մոտենո՞ւմ է Վանեցյանը «նյուզմեյքերությունից» քաղաքականության, թե՞ ոչ: Ըստ ամենայնի՝ ոչ, որովհետև հակառակ պարագայում ԱԱԾ նախկին պետը դեպի քաղաքականություն կգնար առավել լուրջ օրակարգով: Առայժմ նա գնում է ինտրիգներով, ինչը գործնականում քաղաքականության փոխարինիչն է Հայաստանում: Ընդ որում, դրա վկայությունն է այն, որ հանրային քննարկումների, հասարակական-քաղաքական, այսպես ասած, օրակարգի ահռելի մասը զբաղեցնում է այն ինֆորմացիոն առիթը, որ տրվեց ԱԱԾ նախկին պետի շուրջ այս անգամ: Եթե հանրային օրակարգը լցված լիներ իրապես հանրային, քաղաքական նշանակության հարցերով, որոնց առիթները մեր շուրջը բազմաթիվ են՝ թե՛ ներսում, թե՛ դրսում, ապա վերոհիշյալ առիթը բացարձակ չէր գրավի որևէ մեկի ուշադրությունը, առավել ևս՝ հանրային մեծամասնության կամ մի ստվար շերտի: Բայց քանի որ հետհեղափոխական Հայաստանում քաղաքական օրակարգի ձևավորումը շարունակում է մնալ լրջագույն որակական խնդիր, և էական բաց է շարունակում մնալ օրակարգ ձևավորելու ունակ քաղաքական սուբյեկտների առկայությունը, բացը լրացվում է ինտրիգի պաշարով: Այդպես էր նախկին համակարգում՝ այդ համակարգի բնույթից բխող սպասարկմամբ, այդպես է դառնում նոր իրավիճակում, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի կարող իրենով փոխարինել ամեն ինչ, և սուբյեկտայնության էական խնդիր կա թե՛ իշխանության ներսում, թե՛ կառավարող թիմի շրջանակում, թե՛ դրանից դուրս՝ քաղաքական դաշտում ընդհանրապես: Վակուումը շարունակում է լցվել ինտրիգով, և Արթուր Վանեցյանը, որպես միավոր, այդ բացը լրացնելու գտածո է: