Վանեցյանը արեց մի բան, որը լցրեց Փաշինյանի համբերության բաժակը, բայց խնդիրը ավելի լուրջ է

«Ես կարծում եմ՝ այս մարտավարությունը միտումնավոր է ընտրված՝ օդում կախել ինչ-որ հարցեր, միշտ ունենալ «սևի ու սպիտակի» հակամարտությունը»,- անդրադառնալով ներքաղաքական հարցերի՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ դեկտեմբերի 9-ից հետո, երբ կապիտալիզացվեց հեղափոխության արդյունքը, «սև ու սպիտակի» բաժանումը արդեն արհեստական օրակարգ է: Քաղտեխնոլոգը որպես օրինակ բերելով Սերժ Սարգսյանի դեմ գործը՝ ասաց. «Սովորաբար հեղափոխությունից հետո են ռեպրեսիվ միջոցների դիմում այն քաղաքական ուժի դեմ, որը մերժվում է, սակայն երբ դա չի արվում՝ նույնիսկ հեղափոխության տեսությունից ելնելով, և դրան դիմում են մեկուկես տարի հետո՝ այն պահին, երբ այդ քաղաքական ուժը սկսում է քաղաքական ակտիվություն դրսևորել, ապա դա ստանում է քաղաքական հետապնդման ընկալում: Այսինքն՝ դա արդեն հեղափոխության հետևանք չէ, այլ արդեն քաղաքական պրոցեսի հետևանք»: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, հակադարձելով Վիգեն Հակոբյանին, ասաց. «Դուք ելնում եք այն ելակետից, որ այդ քրեական գործերը քաղաքական պատվերով են: Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պատվերով քրեական գործեր չեն ընթանում: Մայիսի 8-ին իրավապահների ձեռքում կար փաստաթուղթ, որ Սերժ Սարգսյանը մեկ միլիոնի բենզին է յուրացրել և այդ փաստաթղթի հիման վրա գործ չհարուցվե՞ց. չկար այդպիսի փաստաթուղթ»: Նրա խոսքով՝ գլոբալ առումով հայտնի էր, որ իշխանություն է բռնազավթվել, գլոբալ առումով հայտնի էր, որ թալանչիներ էին, բայց անհրաժեշտ էին կոնկրետ փաստեր: Այդուհանդերձ, Դանիել Իոաննիսյանը քաղաքական գնահատական տալը անհրաժեշտ է համարում. «Քաղաքական գնահատական չտալը հետագայում  էապես վնասելու է պետության ժողովրդավարացմանը և ժողովրդավարացման ինստիտուցիոնալիզացիային, բայց նաև քրեական հետապնդումը պետք է լինի զուտ իրավական: Եվ այն, որ հանրապետության 90 տոկոսը վստահ էր, որ Սերժ Սարգսյանը գող է, չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը հենց հեղափոխությունից անմիջապես հետո պետք է քրեական հետապնդման ենթարկվեր»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: