- 2018 թ. մայիսին Միացյալ Նահանգները դուրս եկավ Միջուկային համաձայնագրից, և նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները կվերականգնվեն։
- Իրանի դեմ նոր պատժամիջոցների առաջին փաթեթը ուժի մեջ մտավ 2018 թ. օգոստոսի 7-ին։
- Պատժամիջոցների երկրորդ փաթեթը ուժի մեջ է մտել նույն թվականի նոյեմբերի 5-ին։
- Ամբողջ 2019 թ.-ի ընթացքում ԱՄՆ-Իրան հարաբերությունները շարունակել են սրվել։
- 2020 թ. հունվարի 10-ին Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները հայտարարեցին Իրանի նկատմամբ նոր տնտեսական սահմանափակումներ կիրառելու որոշման մասին։
Թրամփը պաշտպանեց իր «կարմիր գիծը». Հայաստանի դիրքորոշումը միանգամայն բնական էր. Ջոն Հերբսթ (Atlantic Council)
16:00 | 2020-01-14
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է իր ձեռքում պահել նախաձեռնությունը ԱՄՆ-Իրան դիմակայությունում։ Իրանցի ազդեցիկ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ոչնչացման գործողությունը կյանքի կոչելուց և Իրանի պատասխան ռազմական հարվածն ընդունելուց հետո Սպիտակ տան ղեկավարն իր հաջորդ քայլն է անում Իրանի իսլամական վարչակարգի դեմ շուրջ երեք տարի առաջ սկսած իր մեծ խաղում։ Մեր տարածաշրջանի երկրների և առհասարակ միջազգային հանրության համար լավ լուրն այն է, որ Թրամփի պատասխան այդ քայլն այս անգամ ոչ թե ռազմական է, այլ քաղաքական և տնտեսական։ Սա նշանակում է, որ չնայած ծայրաստիճան լարվածությանը՝ երկու կողմերին առայժմ հաջողվեց խուսափել ամերիկա-իրանյան մեծ պատերազմից։ Եվ ըստ ամենայնի Թրամփի վարչակազմը կշարունակի Իրանի իսլամական վարչակարգի նկատմամբ ճնշման քաղաքականությունը տնտեսական և քաղաքական միջոցառումներով։ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեմ՝ ինչպես և Թրամփը խոստացել էր հունվարի 8-ի իր հատուկ ուղերձում։ Ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հրապարակել են ԱՄՆ պետական քարտուղար Մայք Պոմպեոն և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։ Դիվանագիտական ի՞նչ մարտավարությամբ է Թրամփի վարչակազմն առաջնորդվում Իրանի դեմ աշխարհաքաղաքական մեծ խաղում։ Ո՞րն է այս քաղաքականության ռազմավարական նպատակը։ Որքանո՞վ են պահպանվում ռազմական մեծ բախման ռիսկերը ներկայիս իրավիճակում, և ի՞նչ սպառնալիքներ կան հատկապես մեր երկրի անվտանգության ու Ղարաբաղյան հակամարտության տեսանկյունից։ Այս բոլոր հարցերն էլ պահպանում են իրենց արդիականությունը նշված համատեքստում։
Միջուկային համաձայնագրի տխուր վախճանը
Ամբողջ այս պատմության մեջ հիմնական խնդիրն իհարկե կապված է Իրանի միջուկային ծրագրի կամ այլ խոսքերով՝ միջուկային զենք ստեղծելու Իրանի հավակնությունների հետ։ Միացյալ Նահանգների նախորդ նախագահը՝ դեմոկրատ Բարաք Օբաման, փորձեց այս խնդիրը լուծել՝ նախաձեռնելով հայտնի Միջուկային համաձայնագիրը, որը ստորագրվել է 2015 թ. հուլիսին, մի կողմից՝ Իրանի կառավարության, մյուս կողմից՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի և Գերմանիայի միջև։ Բայց ընդամենը մեկ տարի անց դեմոկրատները պարտություն կրեցին նախագահական ընտրություններում, և պարզվեց, որ դեմոկրատական վարչակազմի նախաձեռնած միջուկային գործարքը նոր նախագահի՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թրամփի ու իր թիմակիցների «սրտով չէ»։
Շատ փորձագետներ կանխատեսում էին՝ Թրամփն ամեն ինչ անելու է Միջուկային համաձայնագիրը վերջնականապես վիժեցնելու և իրանական կողմին նոր պայմաններով համաձայնագիր պարտադրելու համար։ Եվ պետք է ասել, որ Սոլեյմանիի սպանությամբ Թրամփի թիմը մասամբ հասավ իր նպատակին, քանի որ հունվարի 3-ի միջադեպից ընդամենը մի քանի օր անց Իրանի կառավարությունը հայտարարեց Միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին։
Նախորդ շաբաթվա ելույթի ընթացքում էլ Թրամփը ընդգծել է, որ Իրանի դեմ նոր «հզոր» պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը չի փոխել իր վարքագիծն ու չի հրաժարվել իր «միջուկային հավակնություններից»։ Թրամփի ուղերձի առաջին նախադասությունը հետևյալն էր. «Քանի դեռ ես Միացյալ Նահանգների նախագահն եմ՝ Իրանին երբեք չի թույլատրվի միջուկային զենք ունենալ»։
Նույնատիպ բովանդակությամբ հայտարարություն են արել նաև Պոմպեոն ու Մնուչինը՝ ասելով. «Մենք կշարունակենք դիմել տնտեսական պատժամիջոցների, քանի դեռ Իրանը չի դադարեցրել իր ահաբեկչական գործունեությունը և քանի դեռ հանձն չի առել, որ ինքը երբևէ չի ունենա միջուկային զենք»։
Թրամփի վարչակազմի հիմնական քայլերը
Մեծ հաշվով՝ եթե փորձենք ի մի բերել Իրանի դեմ Թրամփի վարչակազմի ձեռնարկած հիմնական քայլերը, ապա պետք է նշել, որ վերջին երկու տարվա ընթացքում ամերիկյան կառավարությունը պատժամիջոցների արդեն երրորդ փաթեթն է սահմանում ԻԻՀ-ի դեմ։ Իսկ հիմնական քայլերից կարելի է առանձնացնել հետևյալը.