Էսինչ դատավորը խաշ է կերել էսինչ մարդու հետ, ցանկացած մեկը կարող է նման բան գրել․ Քոչարյանի պաշտպան

Դատավորը ցանկանում է ինքնաբացարկ հայտնել, թե չի ցանկանում, դա չպետք է քննարկենք։ Պետք է քննարկենք արդյոք կան իրավական հիմքեր, թե ոչ և ըստ էության անաչառ դիտորդի մոտ մենք չենք տեսնում, որ տվյալ հրապարակումը, ինչի վրա քրեական գործ էր հարուցվել, կարող է դատավորի անաչառությանը կասկած առաջացնել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով դատավոր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկին։ «Այն, ինչ ներկայացված է եղել դատական նիստի ժամանակ, իմ գնահատմամբ դրանցից որևէ մեկը չէր կարող դիտարկվել որպես ինքնաբացարկի հիմք։ Կստանանք դատարանի որոշումը և երբ կունենանք հիմնավորումները, ավելի վերջնական գնահատական կտամ։ Բայց դատարանը պետք է ինքնաբացարկի հարցը քններ այն ինֆորմացիայի շրջանակներում, ինչը ներկայացվել է դատական նիստի շրջանակներում, որովհետև եթե այլ ինֆորմացիա է հիմք ծառայել, ենթադրվում է, որ դատարանը վարույթ ընդունելու փուլում դեռևս ինքնաբացարկ պետք է հայտներ»,-նշեց Արամ Օրբելյանը։