Չինաստանի ԱԳՆ-ը Պոմպեոյին բամբասկոտ պառավի հետ է համեմատել

Չինաստանի ԱԳՆ-ը Պոմպեոյին բամբասկոտ պառավի հետ է համեմատել

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Խուա Չունյինը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին համեմատել է չինական գրականության կերպարներից մեկի՝ բամբասկոտ պառավի հետ, որը անընդհատ նույն բանն է կրկնում։ Դիվանագետը այդ համեմատությունն արել է երեքշաբթի օրվա իր ճեպազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքերով, աշխարհում գոյություն չունեն ապացույցներ, որոնք կհաստատեին ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները։ Չունյինն ընդգծել է, որ հակառակը՝ ավելի ու ավելի շատ երկրներ են Huawei-ի սարքերն անվտանգ համարում, թեև Պոմպեոն անընդհատ խոսում է դրանց վտանգավորության մասին։ Մայիսի 15-ի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների տեղեկատվական-կոմունիկացիոն ենթակառուցվածքները արտասահմանյան սպառնալիքից պաշտպանելու համար արտակարգ դրության մասին հրամանագիր էր ստորագրել։ Դրա հետ կապված՝ երկրի առևտրի նախարարությունը մայիսի 17-ին Huawei-ը ներառել էր իր «սև ցուցակում»՝ որպես ազգային անվտանգության սպառնալիք։ Մայիսի 20-ին հաստատությունը Huawei-ին 90 օրով ժամանակավոր լիցենզիա էր տրամադրել: Անցյալ տարվա օգոստոսին Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որն արգելում էր ԱՄՆ կառավարական հաստատություններին օգտագործել Huawei-ի և չինական ևս մեկ ընկերության՝ ZTE-ի սարքավորումները։