ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարներն անհրաժեշտ են համարում Արցախի ներգրավվածությունը խաղաղ գործընթացին

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարներն անհրաժեշտ են համարում Արցախի ներգրավվածությունը խաղաղ գործընթացին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 3-ին հանդիպել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեցին Բրատիսլավայի համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայանալիք հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի ակնկալիքներն ու առաջնայնությունները: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացման կարևորությունը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից մտքեր փոխանակելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերի և հեռանկարների շուրջ։ «Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացման համատեքստում ընդգծվեց Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչների միջև իրականացված փոխանակման ծրագրի անցկացումը: Նախարար Մնացականյանը վերահաստատեց հրադադարի ամրապնդման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը՝ շփման գծում միջադեպերի կանխման նպատակով: Երկուստեք ընդգծվեց Արցախի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների լիարժեք ներգրավվածության անհրաժեշտությունը խաղաղ գործընթացին, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։